Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր քարտուղար Ժակ Դիուֆին: Նա Հայաստանում է` մասնակցելու այսօր Երեւանում մեկնարկած ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովին։
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ջանքերն աշխարհում սովահարությունը նվազագույնի հասցնելու եւ հաղթահարելու գործում: Երկրի ղեկավարը կարեւորել է նաեւ կազմակերպության ներդրած ավանդը գյուղական բնակավայրերում կենսամակարդակի բարձրացման, սննդի անվտանգության ապահովման, գյուղմթերքների արտադրության եւ, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության զարգացման գործում:
Ժակ Դիուֆը կազմակերպության եւ նրա անդամ երկրների կողմից շնորհակալություն է հայտնել հյուրընկալության եւ հանդիպումները բարձր մակարդակով կազմակերպելու համար: «Մենք գոհ ենք Հայաստանի հետ երկկողմ համագործակցության մակարդակից»,- ասել է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր քարտուղարը` դրա լավագույն վկայությունը համարելով համատեղ իրականացված ծրագրերի ծավալն ու տրամադրված ռեսուրսները: Նա նաեւ ողջունել է աղքատության հաղթահարման ուղղությամբ Հայաստանի գրանցած առաջընթացը՝ վստահեցնելով, որ կազմակերպությունը պատրաստ է շարունակել օժանդակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը:




























