ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն կարեւոր է համարել, որ 2008-ի ընտրությունից հետո ստեղծված ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւերում արված առաջարկները Հայաստանը կատարի բարեխղճորեն եւ առանց անհարկի ձգձգումների: Այս մասին նա ասել է Երեւանում ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանությանը կոչ է արել նաեւ ներկայացնել բարեփոխումների ժամանակացույց: «Մենք բավական խրախուսիչ արձագանք ստացանք Դավիթ Հարությունյանի կողմից: Դրանով Հարությունյանը պատասխանատու է առաջարկների իրականացման մոնիտորինգի համար»,- ասել է նա:

«Մենք հուսով ենք նաեւ, որ իշխանության գործադիր ճյուղը լիովին կիրականացնի այս գործընթացում իրեն վերապահված դերը եւս»,-նշել է Չավուշօղլուն, հավելելով, որ Երեւանում իշխանության օրենսդիր եւ գործադիր թեւերի ներկայացուցիչների հետ, հանդիպումից բացի «շատ զգացական» հանդիպում է ունեցել նաեւ մարտի 1-ի զոհերի ազգականների հետ:

«Դեռեւս կան երկու առկա հարցեր, որոնք չեն ստացել բավարար լուծում: Նախ անընդունելի է, որ որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվել այն 10 մահվան կապակցությամբ, 2008 թվականի մարտի դեպքերի առումով: Հասարակական վստահությունը չի վերականգնվի, քանի դեռ անհատական արդարությունը չի իրականացվել: ԵԽԽՎ-ի տեսանկյունից, լրիվ չի լուծված նաեւ 2008 թվականի մարտի դեպքերի հետեւանքով ազատազրկված մարդկանց հարցը: Մասնավորապես այս համատեքստում ես իշխանությունների առաջ բարձրացրել եմ նաեւ պարոն Փաշինյանի հարցը: Այս երկու օրերի ընթացքում իմ քննարկումները հայ զրուցակիցներիս հետ, հիմնականում սեւեռվել են երկրում անհրաժեշտ ամենակաեւոր բարեփոխումների շուրջ: Առաջինը ընտրական համակարգի բարեփոխումները: Խիստ կարեւոր է, որ 2012 թվականի ընտրութունները կազմակերպվեն եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Սա ցույց կտա ձեր քաղաքացիներին, ինչպես նաեւ արտաքին աշխարհին, որ Հայաստանը շրջել է իր ոչ շատ վաղ անցյալի մութ էջը եւ հաստատակամ առաջ է ընթանում ժողովրդավարական բարեփոխումների ուղով»,- ասել է նա:

ԵԽԽՎ նախագահը խոսել է նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների, ոստիկանության, դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության, խոսքի ազատության ապահովման մասին, հույս հայտնելով, որ հուլիսի կայանալիք հեռուստահեռարձակման արտոնագրերի մրցույթը այդ հարցում կօգնի գրանցել առաջընթաց: