Այսօր՝ մայիսի 13-ին կայացել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը մարտի 1-ի զոհերի հարազատների հետ։
Ինչպես NEWS.am –ին փոխանցեց զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ, որի ընթացքում զոհերի հարազատները ԵԽԽՎ նախագահին են ուղղել բազմաթիվ հարցեր։ «Մենք ասացինք, որ մարտի 1-ի դեպքերից հետո ԵԽԽՎ-ն 4 բանաձեւ է ընդունել, սակայն դրանց պահանջները մինչեւ հիմա կատարված չեն։ Ասացինք, որ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը, երբ անցյալ տարի հադիպեցին մեզ հետ, խոստացան, որ մարտի 1-ի գործով անկախ փորձագետներ ուղարկելու հարցը կբարձրացնեն։ Մինչ օրս, սակայն, այդ հարցը լուծված չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Ս. Քլոյանը։ Վերջինս ԵԽԽՎ նախագահից հարցրել է նաեւ, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել, որ ողջունում է Հայաստանում ժողովրդավարության վիճակը։
«Նա ասաց, որ ինքն այդպիսի բան չի ասել, այլ ընդամենը ասել է, որ ուզում եմ վերականգնված տեսնել Հայաստանի ժողովրդավարությունը»,-ասաց Ս. Քլոյանը՝ հավելելով, թե ԵԽԽՎ նախագահը խոստացել է ճնշում գործադրել Հայաստանի իշխանություների վրա՝ ԵԽԽՎ բանաձեւերի պահանջները կատարելու համար։
Զոհերի հարազատները Չավուշօղլուին են փոխանցել նաեւ զոհերի լուսանկարները:




























