Մայիսի 14-ին Գյումրիում կայանալու է բնակարանների բաշխման հերթական` 4-րդ վիճակահանությունը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից, ի տարբերություն նախորդ վիճակահանությունների, այս անգամ անօթեւաններին բաշխվելու են միայն մեկ (80 հատ) եւ երկու (63 հատ) սենյականոց բնակարաններ: Երեք սենյականոց բնակարանի հավակնորդ անօթեւան ընտանիքների գործերը դեռեւս բնակբաշխման հանձնաժողովում ստուգման փուլում են: Նշենք, որ հատկապես երեք սենյականոց բնակարան ստանալու իրավունք ունեցող բազմանդամ ընտանիքներն են, որ չեն կարողանում բնակարան ստանալու համար` ՀՀ կառավարության թիվ 432 որոշմամբ պահանջվող փաստաթղթերը ներկայացնել, հիմնականում ընտանիքի անդամների Հայաստանից երկարաժամկետ բացակայելու պատճառով:
Գյումրիում այս տարի նախատեսվում է բաշխել 1056 բնակարան, սակայն արդեն իսկ բնակբաշխման հանձնաժողով են հրավիրվել Գյումրու անօթեւանների հերթացուցակում հաշվառված ընտանիքների կեսից ավելին` 24000-ը, ինչը նշանակում է, որ գյումրեցի յուրաքանչյուր երկրորդ անօթեւան ընտանիք չի կարողանում ամբողջացնել պահանջվող փաստաթղթերի փաթեթը: Ստեղծված փակուղային իրավիճակից դուրս գալու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է անհապաղ փոփոխոխություններ եւ լրացումներ կատարի թիվ 432 որոշման մեջ։ Դրանով հնարավորություն տրվի բնակարան ստանալ ժամանակավոր կացարաններում բնակվող նաեւ այն անօթեւան ընտանիքներին, ովքեր չեն կարողանում բացակա անդամների լիազորագրերը ներկայացնել` այն պայմանով, որ բնակարան ստացողները պարտավորվեն` բացակա անդամների վերադառնալու դեպքում, նրանց տրամադրել բնակմակերես:



























