Հայաստանի սփյուռքի նախարարությունը հուլիսի 3-5-ը Ծաղկաձորում անցկացնելու է «Արեւմտահայերենի ուսուցման արդի վիճակը Սփյուռքում» գիտաժողովը, որի նպատակն է բացահայտել Սփյուռքում արեւմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրները, կառուցողական քննարկումների եւ վերլուծությունների միջոցով գտնել դրանց լուծման ուղիները, մշակել նպաստող ծրագրեր եւ քննարկել արեւմտահայերենի միասնական դասագրքի ստեղծման հնարավորությունները:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գիտաժողովում քննարկվելու են հետեւյալ հիմնահարցերը.

1. Արեւմտահայերենի ուսուցման արդի վիճակը Սփյուռքում (ըստ տարածաշրջանների եւ հաստատությունների),

2. Արեւմտահայերենի ուղղագրության ուսուցման հետ կապված բարդությունները, բազմաձեւությունը եւ դրանց կանոնակարգման խնդիրը,

3. Արեւմտահայերենի ուսուցման ծրագրերը, դրանց վերանայման անհրաժեշտությունը,

4. Արեւմտահայերենի դասագրքերի, միասնական ուսումնական ձեռնարկի ստեղծման խնդիրը: