«Եթե դուք կասկածի տակ դնեիք հրեական Հոլոքոստը, ապա այդ երկիր դուք երբեք մուտք չէիք ունենա եւ չէիք արժանանա պետական ընդունելության։ Իսկ դուք Հայաստանում արժանացել եք ոչ միայն իշխանությունների, այլ նաեւ ընդդիմադիր „Ժառանգության“ հետ հանդիպման հնարավորության։ Եւ եթե արժանացել եք նման ընդունելության, ապա պետք է գիտակցեք մեր քաղաքակրթվածության աստիճանը»,-այսօր՝ մայիսի 13-ին ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Նա NEWS.am-ի հետ զրույցում ասաց նաեւ, որ հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ ԼՂ հարցով ենթահանձնաժողով ստեղծելու նախաձեռնության մասին, ինչին «Ժառանգությունը» դեմ է արտահայտվել։ «Մենք ասացինք, որ „Ժառանգությունը“ ոչ միայն պահանջում է Հայաստանի իշխանություններից ճանաչել ԼՂ անկախությունը, այլ նաեւ համապատասխան օրինագիծ է դրել շրջանառության մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց Սաֆարյանը։ Երբ խմբակցության անդամները հիշեցրել են Չավուշօղլուին իր հակահայկական հայտարարությունները, նա ի պատասխան ասել է, թե պետք է հարգել իր երկու մանդատները։ «Նա ասաց, որ ինքը ոչ միայն ԵԽԽՎ նախագահն է, այլ նաեւ թուրք պատգամավոր, եւ հետեւաբար չպետք է խառնել երկու կարգավիճակներում իր արած հայտարարությունները։ Մենք նրան հակադարձեցինք, որ ցանկացած հայտարարություն անելիս պարոն Չավուշօղլուն լավ կլինի, որ ասի, թե ինչ մանդատի շրջանակներում է գործում եւ խոսում»,- հանդիպման մանրամասները փոխանցեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը։
Հանդիպմանը մասնակցած խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ հիշեցրել է ԵԽԽՎ նախագահին՝ օկուպացիայի մասին հայտարարություններ անելիս հիշել հայերի հայրենիքի օկուպացիան Չավուշօղլուի նախնիների կողմից ու զգույշ լինել նման տերմիններ գործածելիս։ ԵԽԽՎ նախագահն ի պատասխան մեղադրել է ադրբեջանական լրագրողներին իր խոսքերը խեղաթյուրելու մեջ։
Հանդիպմանը մասնակացած Զարուհի Փոստանջյանն ու Լարիսա Ալավերդյանն էլ ասել են, թե լինելով ԵԽԽՎ նախագահ, Չավուշօղլուն պետք է պատշաճ արձագանքի իր երկրի վարչապետի հայտարարություններին՝ Թուրքիայում գտնվող հայ ներգաղթյալներին արտաքսելու վերաբերյալ։




























