Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը ավելի ազնիվ կգտնվի Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերում: Այդ մասին հայտարարել է թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը՝ «Եղե՞լ է արդյոք հայերի ցեղասպանություն» ուսումնասիրության հեղինակը:

Լոնդոնում գործող` մարդու իրավունքներով զբաղվող անկախ կազմակերպության նախագահ, ավստրալացի իրավաբանն ապացուցել է, որ Հայերի ցեղասպանությունն անժխտելի փաստ է, իսկ Բրիտանիայի մերժողական քաղաքականությունը իրականում հիմքեր չունի: Ավելին, արտգործնախարարությունը երկար տարիներ թյուրիմացության մեջ է գցել երկրի ղեկավարներին:

«Ես ՄԱԿ-ի նախկին դատավոր եմ, ու ես հստակ գնահատական եմ տվել 1915 թվականի դեպքերին. երբ նայում ես եղած փաստերին ու ցեղասպանության բանաձեւին, ապա ակնհայտ է դառնում, որ դա ցեղասպանություն էր: Այս փաստը իրավաբանորեն չի կարող հարցականի տակ դրվել»,- ասել է Ռոբերթսոնը:

Ըստ իրավաբանի, Մեծ Բրիտանիան տարիներ շարունակ հերքել է հայերի ցեղասպանության փաստը` բերելով մի քանի անհիմն պատճառաբանություն, թե չկան անհերքելի փաստեր, որոշ պատմաբաններ չեն հաստատում եղելությունը եւ այլն: Ավելին` արտգործնախարարությունը, առանց լուրջ ուսումնասիրությունների, ղեկավարներին, խորհրդարանականներին բազմիցս խորհուրդ է տվել չընդունել ցեղասպանությունը, նույնիսկ չմասնակցել ցեղասպանության հիշատակման միջոցառումներին:

Սակայն Ռոբերթսոնն ասում է, որ իր իրավաբանական կարծիքի հրապարակումից հետո հասարակական քննարկումների արդյունքում փոփոխվել է նաեւ արտգործնախարարության մոտեցումը. այլեւս հարցականի տակ չի դրվում փաստը, պարզապես խուսափում են այն ցեղասպանություն կոչել` ասելով, թե հասկացությունը ձեւակերպվել է հայերի ջարդից շատ ավելի ուշ:

Ջեֆրի Ռոբերթսոնը լավատեսորեն է տրամադրված նոր կառավարության նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Ռոբերթսոնը, մասնավորապես, ասել է. «Պիտի նշեմ, որ պահպանողականների եւ հատկապես լիբերալ-դեմոկրատների կողմից դրական վերաբերմունք ու աջակցություն կա: Լիբերալ-դեմոկրատների քայլերը հարգանքի են արժանի՝ շնորհիվ լորդ Էյվբուրիի, ով երկար տարիներ ղեկավարել է ցեղասպանության ճանաչման խորհրդարանական նախաձեռնությունը: Բարոնուհի Քոքսը պահպանողական է, նա էլ միշտ աջակցել է ճանաչմանը գործընթացին: Կարծում եմ, նոր իշխանության օրոք արտաքին գործերի նախարարությունն ավելի շատ բացատրություններ կտա, քանի որ պահպանողականները կարեւորում են էթիկան արտաքին հարաբերություններում: Իհարկե, իշխանությունը չի ցանկանա շատ վշտացնել Թուրքիային, բայց հաջորդ անգամ, երբ բարձրացվի ցեղասպանության հարցը, կարծում եմ, որ ավելի ազնիվ պատասխաններ կստանանք»,- ասել է Ռոբերթսոնը: