Աբովյան փողոցի հարեւանությամբ գտնվող «Ուսանողական այգու» բետոնապատման դեմ պայքարող «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Ուսանողական այգու ապօրինի կառուցապատման հարցի մանրամասների բացահայտման արդյունքում մեզ հաջողվեց մի քանի հավաստի աղբյուրներից պարզել, որ Տերյան փողոցի հատվածում կառուցվող խորը հիմքերով բետոնե շինության իրական սեփականատերն է հանդիսանում դերասան Արմեն Մարությանը (Գ.Սունդուկյանի անվան թատրոն, Շանթ եւ Արմենիա հեռուստաընկերությունների մի քանի սերիալներ): Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա դա բոլորովին այլ լույս է սփռում Ուսանողական այգու ոչնչացման իրական պատկերի վրա: Հարց է ծագում, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս ոչ միայն քաղաքապետարանը, այլ նաեւ ամբողջ մշակութային հանրությունը մինչ օրս կազմակերպված լռություն էին պահպանում այդ մասին:

Այս իրողությունը եւս մեկ անգամ ի հայտ է բերում այն մեծ հիմնախնդիրը, որը կանգնած է հայ մտավորականության առջեւ հասարակության ցավոտ հարցերին օբյեկտիվ գնահատական տալու եւ դրանք հանրային քննարկման հանելու ընդունակության տեսանկյունից: Այժմ, երբ Երեւանի հանրային զբոսայգու մի կողմում կանաչի ոչնչացմանը մասնակից է արվեստի աշխարհի ներկայացուցիչ, իսկ մյուս կողմում (Աբովյան փ.) որպես արհամարհանքի դրսեւորում բետոնապատվում է աշխարհահռչակ ակադեմիկոսի արձանի շուրջը` այժմ եւեթ այդ մասին պետք է կարծիք հայտնի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Իսկ ղեկավար եւ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ հատկապես մշակութային համայնքի ներկայացուցիչների տեսակետները պետք է հանրությանը հայտնի դառնան:

Ուսանողական այգու պաշտպանությանն ուղղված լայնածավալ ստորագրահավաքի ընթացքում հավաքված եւ հաշվարկված ստորագրությունների թիվն անցնում է 19 հազարը: Շնորհակալություն ենք հայտնում այն հարյուրավոր կամավորներին եւ կազմակերպություններին, որոնք սեփական նախաձեռնությամբ մեծ ներդրում ունեցան այդ գործում: Այս ստորագրահավաքի եւ շարունակվող մյուս ակցիաների հիմնական դերակատարները ՀՀ քաղաքացիներն են, նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել իրենց քաղաքում որոշումների կայացմանը: Նշենք նաեւ, որ Ուսանողական այգու աջակիցների թվում են Արթուր Մեսչյանը, Լեւոն Արոնյանը, Ջիմ Թորոսյանը, Լեւոն Վարդանյանը, Դավիթ Երեւանցին եւ Երեւանի մյուս իրական տերերը»: