Այսօր՝ մայիսի 14-ին՝ ժամը 13-ին, տեղի է ունենալու «Ուսանողական այգու» պաշտպանության առաջին միջոցառումը: Կանաչ զգեստով «լուռ ակցիայի» մասնակիցները ձեռք-ձեռքի տված կկանգնեն Աբովյան փողոցի կողմից` շինհրապարակի հարեւանությամբ: Նրանք կլինեն հակագազերով, ինչպես նաեւ կունենան պաստառներ՝ STOP գրառումով: Իսկ մի քանի մասնակիցներ, ի նշան պաշտպանության, կգրկեն ծառերը: Ամբողջ ակցիան կտեւի շուրջ 40 րոպե:

Միջոցառումը կազմակերպել է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ «Ուսանողական այգում» սկսվել է լայնածավալ սրճարանային շինարարություն, որը սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի: Ընդ որում, այգում է տեղադրված Վիկտոր Համբարձումյանի արձանը, որն այդ շինությունների մոտիկությունից ուղղակի «խեղդվում» է:

Նախաձեռնությունը հավաքել է հազարավոր ստորագրություններ: Նրանք մեկ շաբաթ առաջ հանդիպել են Երեւանի քաղաքապետի հետ, ով խուսափողական պատասխաններ է տվել եւ ասել, որ սա կլինի վերջին դեպքը, երբ այգի է բետոնապատվում: