Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ընդառաջելով Մերձդնեստրի իշխանությունների կողմից ձերբակալված Էռնեստ Վարդանյանի հարազատների խնդրանքին, նամակ է հղել Տիրասպոլի եւ Դուբասարի եպիսկոպոս Սավվային` ուժերի ներածին չափով աջակցելու հայ լրագրողի ազատմանը:
Հիշեցնենք, որ ծնունդով գյումրեցի հայ լրագրողը ձերբակալվել է ապրիլի 7-ին եւ մեղադրվում է պետական դավաճանության եւ Մոլդովայի օգտին լրտեսություն անելու մեջ: Նրան սպառնում է 12-20 տարվա ազատազրկում:
Սրբազանը նաեւ իր անհանգստությունն էր հայտնել մեր հայրենակցի առողջական վիճակի առիթով, որը, ըստ ստացված տեղեկությունների, անբավարար է:
Ստացվել է Տիրասպոլի եւ Դուբասարի եպիսկոպոս Սավվայի պատասխան նամակը, որում նա, մասնավորապես, ասում է, որ իրենք Միքայել սրբազանի նամակն ստանալուն պես հետաքրքրվել են, թե Էռնեստ Վարդանյանն ինչ պայմաններում է պահվում եւ ինչպիսին է նրա առողջությունը: Ըստ նամակագրի` կալանավորի առողջական վիճակը բավարար է:
Ռուս եպիսկոպոսը նաեւ հայտնում է, որ Մերձդնեստրի ողջ եկեղեցին աղոթում է այդ հարցի արդարացի լուծման համար:




























