Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է Երեւանի քաղաքապետին` «Ուսանողական այգու» շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Նամակում ասվում է.
«Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար անդրադարձ է կատարվում Հայաստանի Ազգային գրադարանի եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջեւ տեղակայված Ուսանողական այգում կատարվող շինարարություններին:
Նույն խնդրով մայիսի 13-ին ինձ են դիմել մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ըստ հայտնած տեղեկությունների, գոյություն ունեցող սրճարանների վերակառուցման անվան տակ հատկացվել են նախկինում զբաղեցրածից ավելի մեծ մակերեսով հողատարածքներ, ինչպես նաեւ քաղաքաշինական փաստաթղթերով թույլատրվել են կառուցել բոլորովին նոր շինություններ` ստորգետնյա հարկերով:
Նկատի ունենալով, որ վերոնշյալ հարցը ստացել է հասարակական հնչեղություն, շինարարության կասեցման նպատակով քաղաքացիների կողմից կազմակերպվել է ստորագրահավաք` խնդրում եմ 10-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Ազգային գրադարանի եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջեւ տեղակայված Ուսանողական այգում կառուցապատողներին տրված քաղաքաշինական փաստաթղթերի (ճարտարապետա-հատակագծային առաջադրանք, շինարարության թույլտվություն, նախագիծ, համապատասխան կազմակերպության փորձաքննության եզրակացություն կամ երաշխավորագիր), ինչպես նաեւ հողատարածքները տրամադրելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետի որոշումների եւ պայմանագրերի պատճենները»:



























