Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը օտարալեզու դպրոցներ ստեղծելու գաղափարը համարում է հակասահմանադրական, հակաազգային եւ հակատրամաբանական։ Այս մասին նա ասաց այսօր՝ մայիսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնելով, որ օտարալեզու դպրոցներ բացել-չբացելու քննարկումները Գերագույն խորհրդում բուռն քննարկումների տեղիք տվել էին դեռւես 90-ականների սկզբներին՝ նա նշեց, որ այն ժամանակ եւս մեծ բախումներ եւ տարաձայնություններ եղել են։ «Սակայն այդ խորհրդարանն իր մեջ ուժ գտավ ասելու, որ եթե մեր պետական լեզուն հայերենն է, ապա կրթությունն էլ Հայաստանում պետք է իրականացվի հայերեն լեզվով»,- ընդգծեց Ռուբինյանը՝ համոզմունք հայտնելով, որ օտարալեզու դպրոցների հիմնումը քաղքենիական մղումներով ծնողներին կստիպի իրենց երեխաներին տանել այդպիսի դպրոցներ։

«Սա մերժելի գաղափար է, սա մեր անկախության տակ դրված դինամիտ է»,- շեշտեց ՀԱԿ անդամը։

Ռուբինյանի ընդդիմախոս, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը, հակառակը, նշեց, որ ինքը ողջունում է օտարալեզու դպրոցներ բացելու գաղափարը, սակայն գտնում է, որ գաղափարի իրականացման մեխանիզմները սխալ են ընտրված։ «Այդ է պատճառը, որ օրինագիծը դեռեւս մշակման փուլում է»,- տեղեկացրեց նա՝ միեւնույն ժամանակ նշելով, որ օտարալեզու դպրոցներ բացելու գաղափարի շուրջ տարակարծություններ կան նաեւ հանրապետականների ներսում։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության առաջարկով նախատեսվում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնել։