Երեկ՝ մայիսի 13-ին ԳԱԼԱ հեռուստաընկերության գրասենյակ են այցելել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները: Վերջիններս «ՉԱՊ» ՍՊԸ-ի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունից առգրավել են 822 հազար 200 դրամ գումար:
Հեռուստաընկերությունը պնդում է, որ ԴԱՀԿ ծառայությունը տվյալ դեպքում դուրս է եկել կատարողական թերթի պահանջի շրջանակներից, քանի որ արգելանք դնելուց բացի, ամբողջությամբ բռնագանձել է գումարը, ինչի իրավունքը չունի: Առգրավված գումարը սեփականության իրավունք է, եւ դրանից զրկելու իրավունքը պատկանում է միայն դատարանին:
Հիշեցնենք, որ ԳԱԼԱ-ի դեմ հետապնդումները սկսվել են 2008թ. նախագահական ընտրություններից հետո, երբ ԳԱԼԱ-ն իր եթերում ցույց տվեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի տեսագրությունը: Երկու տարվա ընթացքում պետական մարմինները մի քանի տասնյակ միլիոն դրամ են առգրավել հեռուստաընկերությունից: ԳԱԼԱ-ի ղեկավարությունը պնդում է, որ իրենց դեմ հետապնդումները քաղաքական ենթատեքստ ունեն:




























