Գյումրիի բնակելի տներից մեկի խոհանոցում փրկարար վարչության մասնագետները 4-5 սմ հաստության օձ են հայտնաբերել, սակայն դեռ պարզ չէ, թե օձն ինչ տեսակի է, թունավո՞ր է, թե` ոչ:
Գյումրիի Ֆրունզե-48 հասցեից ԱԻՆ Շիրակի մարզային փրկարար վարչության մասնագետներն ահազանգ են ստացել, որ տան բակում օձ կա, որը տեսել են թաղի երեխաները: ԱԻՆ Շիրակի մարզային փրկարար վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանի փոխանցմամբ, իրենք անմիջապես մեկնել են նշված հասցե, սակայն սկզբում օձին բռնել չի հաջողվել:
«Հետո նորից երեկոյան կողմ ահազանգ ստացվեց նույն հասցեից, թե այս անգամ օձը տան խոհանոցում է»,-պատմել է Կարեն Եղշատյանը: Այս անգամ փրկարարներին հաջողվել է բռնել օձին: Փրկարարները ենթադրում են, որ օձը թունավոր է:
«Այն, իմ կարծիքով, լորտու տեսակի է, բայց լորտու չէ, թունավոր է, քանի որ գլխին դեղին նշան չունի»,-վստահեցրել է Եղշատյանը: Նրա խոսքով, Գյումրիում օձեր չկան, բայց նրանք գալիս են անտառներից տեղափոխվող փայտի հետ:



























