ԵՄ իշխանությունները դիտարկում են ռուսական «Աերոֆլոտ» ավիափոխադրողի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն ճգնաժամի պատճառով։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ սահմանափակումների տակ կարող են հայտնվել այն անձինք եւ ընկերությունները, որոնք ներգրավված են Բելառուսի տարածքով միգրանտներին ԵՄ սահման հասցնելու մեջ։ Պատժամիջոցները կարող են ազդել նաեւ թուրքական Turkish Airlines ընկերության վրա։ Բրյուսելը սահմանափակումների մասին կարող է հայտարարել դեկտեմբերի սկզբին, հայտնում է Bloomberg-ի աղբյուրը։
Ավելի վաղ Politico-ն գրել էր միգրացիոն ճգնաժամի պատճառով «Աերոֆլոտ»-ի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին։ Ավիափոխադրողների նկատմամբ հավանական սահմանափակումների հարցը քննարկել են նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։





























