Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 11-ի նիստում հավանություն տվեց ՀՀ դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխություններով կարգավորվում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների կազմավորման և բնականոն գործունեության ապահովմանն հետ կապված հարցերը. նախատեսվում է դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ` առանց ժամկետների և համալրման ենթակա քանակի սահմանափակման:
Մասնագիտացված դատարանների ստեղծումը բխում է հասարակական կյանքի առանձին ոլորտներում առաջացող հարաբերությունների կապակցությամբ պատշաճ արդարադատություն իրականացնելու պահանջից: Դատավորները մասնագիտանում են որոշակի կատեգորիայի գործերով արդարադատության իրականացման մեջ, և այս դեպքում դատական սխալի հավանականությունն ավելի փոքր է:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում նշանակված դատավորը պետք է ունենա 2 մասնագիտացում:
Վճռաբեկ դատարանում ստացված, վարույթ ընդունված և չընդունված բողոքների վերաբերյալ վիճակագրությունը ցույց է տալիս, որ քաղաքացիական գործերով վճռաբեկ բողոքների թիվը շուրջ երկու անգամ գերազանցում է վարչական գործերով բողոքների թվին:
Ներկայումս Դատական օրենսգիրքը սահմանում է Դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների հերթական և արտահերթ համալրման եղանակներ, ընդ որում` հերթական համալրումը կապվում է դատարաններում կանխատեսվող թափուր տեղերի քանակի հաշվարկի հետ, իսկ արտահերթ համալրումը` հերթական համալրումից կամ դրա համար տեղերի հաշվարկից հետո առաջացած նոր թափուր տեղի առաջացման հետ: Այսինքն Բարձրագույն դատական խորհուրդը համալրում իրականացնելիս միևնույն է կաշկանդված է դատական համակարգում կանխատեսվող թափուր տեղերի քանակով համալրումներն իրականացնելու պայմանով:
Նշված կարգավորումը, սակայն, խնդրահարույց կարող է լինել այն դեպքերում, երբ անկանխատեսելի հանգամանքներում դատավորների թափուր տեղեր առաջանան այն պայմաններում, երբ դեռ չի լրացել հերթական համալրումն իրականացնելու համար թափուր տեղերի հաշվարկման ժամկետը, իսկ արտահերթ համալրումն իրականացնելու պարագայում կարող է որոշակի ժամանակահատվածով առկախված մնալ առաջացած թափուր տեղերում դատավորների նշանակումը` մինչև արտահերթ համալրման իրականացումը:
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Վճռաբեկ դատա¬րանում վարչական գործերի քննու¬թյան իրականացումը մաս¬¬նագիտացված վարչական պալատի միջոցով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել Բարձրագույն դատական խորհրդին առավել ճկուն մեխանիզմներով ապահովել դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրումը:
Այս փոփոխությամբ ակնկալվում է ՀՀ պետական բյուջեից տարեկան շուրջ 34.9 մլն դրամի լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության, որից ընթացիկ ծախսերի գծով շուրջ 28.3 մլն դրամ և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման մասով շուրջ 6.6 մլն դրամ։



























