Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համապատասխան, այսօր` հուլիսի 11-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա),Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովին (Ռուսաստան), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։
Ինչպես նշված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Մինսկի խմբի համանախագահող երկրների հետագա աշխատանքները՝ հաշվի առնելով հունիսի 24-ին Կազանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները, ինչպես նաեւ համանախագահող երկրների հաջորդած ջանքերը։
Նշենք, որ կազանյան հանդիպման արդյունքներով, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ղարաբաղյան հարցի տեսլականի վերաբերյալ ուղերձ էր պատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին։




























