Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալը զիջում է հակամարտության բանակցային գործընթացում: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը:
Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ քաշած սկզբունքները չի կարելի ներկայացնել որպես Ադրբեջանի կամ Հայաստանի միանշանակ հաղթանակի ապահովում: «Այդ սկզբունքները չեն երաշխավորում կողմերից մեկի լիակատար հաղթանակ: Ցանկացած դեպքում համանախագահների առաջարկները ենթադրում են փոխզիջումներ: Ադրբեջանական կողմից զիջումը Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալն է»,- ընդգծել է նա:
Ըստ Հասանովի, տասնյակ տարիներ անց` նորմալ խաղաղ պայմաններում կարելի է հստակեցնել Լեռնային Ղարաբաղի մշտական կարգավիճակը, իսկ մինչ այդ Ադրբեջան պատրաստ է նրան միջանկյալ կարգավիճակ տալ: Հասանովի խոսքով, երեքշաբթի կայացած կառավարության նիստում Ադրբեջանի նախագահը բացահայտել է Մադրիդյան սկզբունքների որոշ մանրամասներ: «Բնականաբար, ոչ բոլոր սկզբունքներն են ամբողջությամբ բավարարում Ադրբեջանին: Որպեսզի ամեն ինչ բավարարի Ադրբեջանին, հարկավոր է պատերազմ սկսել, ազատագրել հայերի օկուպացրած ադրբեջանական տարածքները եւ Հայաստանին հարկադրել ստորագրել խաղաղ համաձայնագիր»,- ընդգծել է Հասանովը: Նրա խոսքով, սակայն, ներկայիս պայմաններում դա անհնար է: «Ուստի կառուցողական դիրքորոշում ցուցաբերելով մենք փոխադարձ զիջումների ենք գնում»,- ասել է նա:




























