Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի համակարգող Ֆիլիպ Փիրսի հետ այսօր` հուլիսի 14-ին կայացած հանդիպման ժամանակ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարեւորել է սահմանների համալիր կառավարման ծրագիրը՝ նկատելով, որ այն թույլ է տալիս արդյունավետ եւ համապարփակ մոտեցում ցուցաբերել սահմանի կառավարմանն առնչվող խնդիրներին հարակից բոլոր ոլորտներում, այդ թվում` միգրացիա, թրաֆիքինգ, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, ինչպես նաեւ առեւտրի դյուրինացում եւ մարդկանց ազատ եւ անվտանգ սահմանակցում։

Ֆիլիպ Փիրսը Արթուր Բաղդասարյանին տեղեկացրել է ծրագրի ընթացքի եւ առկա խնդիրների մասին եւ իր գոհունակությունն է հայտնել ծրագրի առաջընթացի վերաբերյալ:

Արթուր Բաղդասարյանն ընդգծել է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործընթացում իրատեսական հիմքերի վրա կարիքների գնահատման իրականացման անհրաժեշտությունը, շեշտել սահմանային ենթակառուցվածքների եւ սարքավորումների արդիականացման, «մեկ պատուհան» սկզբունքի լիարժեք կենսագործման անհրաժեշտությունը։ 

Ֆիլիպ Փիրսը տեղեկացրել է, որ ապագայում նախատեսվում է հիմնել սահմանների համալիր կառավարման հարցերով միջազգային խորհրդատվական խումբ, որն այդ հարցում կարող է կարեւոր դերակատարություն ունենալ` մասնագիտական եւ փորձագիտական աջակցության տեսքով: