Շուշիից պատերազմի օրերին Հայաստան տեղափոխված շուրջ 170 արցախյան արժեքավոր գորգերի ցուադրության համար նոր թանգարան չի կառուցվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ–ում պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին, հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։
Էլինար Վարդանյանը նշեց, որ գորգերը ժամանակավորապես պահպանվում էին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, սակայն ինստիտուտից զգուշացրել են, որ գորգերը պետք է տեղափոխել: Նա Խզմալյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում է գործընթացը, գորգերի համար կտրամադրվի՞ հատուկ տարածք:
Ի պատասխան Արա Խզմալյանն ասաց, որ հավաքածուի սեփականատիրոջ հետ մի քանի հանդիպում է ունեցել. «Մենք ունենք քաղաքականություն` արժեքները մեկտեղելու, ամեն առանձին արժեքի համար նոր կառույց չհաստատելու, որովհետև երբ ցուցադրվող արժեքները հարուստ ու բազմաժանր են, այցելուների հոսքերը շատ ավելի մեծ են: Այսինքն, մենք նաև այցելուների հոսքն ապահովելու համար ենք խուսափում առանձին կենտրոններ ստեղծելուց, առավել ևս, որ պետական գույքի նոր դեֆիցիտ կա, մեր արժեքները շատ ավելի են, և մեր պահոցներում միլիոնավոր արժեքներ կան, որոնք չեն ցուցադրվում ցուցադրական տարածքների բացակայության պատճառով»,– ասաց Խզմալյանը։
Նա հավելեց, որ հասկանալով այս գորգերի ցուցադրման անհրաժեշտությունը, քաղաքական նշանակությունը՝ իրենք առաջարկել են գործող ու առաջատար լավագույն թանգարաններում կազմակերպել գորգերի ցուցադրությունը. «Կարծում եմ՝ սրանից ավելի լավ բան՝ տրամադրել յուրաքանչյուր լավ հարթակ ցուցադրելու այս ամենը, դժվար է այսօր առաջարկել, հակառակ դեպքում, մենք պետք է գնանք նոր թանգարան կառուցելու ճանապարհով, գուցե քննարկելի է, չգիտեմ», - ասաց փոխնախարարը՝ նշելով, թե հիմա որոշում են՝ որտեղ է լավագույն տեղը, որտեղ կարող են գորգերը ցուցադրել:
ԿԳՄՍ փոխնախարարը նաև իր տարակուսանքը հայտնեց բարձրացված հարցի շուրջ առաջացած աղմուկի վերաբերյալ` նշելով, որ այդ գորգերի պահպանումը, դրանց ֆիզիկաքիմիական վիճակի ուսումնասիրությունն այսօր շատ ավելի կարևոր հարց է, քան ցուցադրությունը կազմակերպելը։
ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ասաց, որ գորգերի թեմայով կապի մեջ է Արցախի Հանրապետության գործընկերների հետ: Նա Էլինար Վարդանյանին առաջարկեց հաջորդ երկուշաբթի այս հարցով, ինչպես նաև Արցախի մշակութային մյուս ժառանգությունների հետ կապված քայլեր ձեռնարկեն, գործողությունները հստակեցնեն, որ դիմեն միջազգային գործընկերներին:
Հիշեցնենք, որ պատերազմի վերջին օրերին Շուշիի թանգարանի մոտ հրթիռ էր պայթել, հարվածի հզոր ալիքը կոտրել էր պատուհաններն ու դռները։ Այդ ժամանակ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը զանգահարել էր Արցախի մշակույթի նախարարին և խնդրել մեքենա տրամադրել գորգերը տեղափոխելու համար։ Նրան հաջողվել է փրկել իր հավաքածուի 2/3-ը։ Ընդհանուր առմամբ, Շուշիից դուրս է բերվել շուրջ 170 արժեքավոր գորգ։
Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո դուրս բերված Շուշիի գորգերից 71–ը մինչև վերջերս ցուցադրվում էր Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Վարդան Ասծատրյանը փետրվարի 1-ին հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ երկու օր առաջ ցուցադրությունը հավաքել են ու ինքը տեղյակ չէ` ուր են տանելու գորգերը։




























