Hexact դատա ընկերությունը հիմնադրման 3-րդ տարին ամփոփում է նշանակալի արդյունքներով. ստարտափը երեք հիմնական պրոդուկտ է ներկայացնում, որոնց օգտատերերի թիվն արդեն գերազանցում է 40,000-ը: Հիմնական պրոդուկտների՝ Hexometer-ի, Hexowatch-ի և ամեն շաբաթ թարմացվող Hexomatic-ի վաճառքների հաշվին ստարտափը տարեկան հասույթի 400 տոկոս աճ է գրանցել, իսկ աշխատակազմը՝ վերջին տարում մեծացրել 3 անգամ։
«Մինչև անցած տարի նոյեմբերին Pre-seed ներդրումների ներգրավումը, ստարտափն ամբողջովին աշխատում ու զարգանում էր սեփական պրոդուկտների վաճառքից ստացած եկամտով: Ի դեպ, դեռևս 2020-ի մեր առաջին 1000+ վճարող հաճախորդները մինչև հիմա մեզ հետ են»,- նշել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:
«Ընկերության տարեդարձը փետրվարի 19-ին կնշենք միջոցառումներով՝ ներկայացնելով ընկերության նոր կորպորատիվ ոճը, ռազմավարությունը: Այն խոստանում է փոխել տեխնոլոգիաներից օգտվելու վերաբերյալ պատկերացումները՝ ծրագրավորման գիտելիքներ չունեցող «սովորական» մարդկանց հնարավորություն տալով օգտվելու ամենաբարդ տեխնոլոգիաներից ու ծառայություններից»,- նշել է Hexact-ի Զարգացման տնօրեն Արմեն Ավագ Ավագյանը:
2019-ի փետրվարին ստարտափն իր աշխատանքը սկսել է 4 մասնագետով: Հիմա Hexact-ի 40 հոգանոց թիմն աշխատում է ԱՄՆ-ում, Լեհաստանում և մեծ մասը՝ Հայաստանում: Մինչև տարեվերջ նախատեսվում է թիմը հասցնել 100-ի։ Այս պահին ընկերությունը 9 թափուր աշխատատեղ է հայտարարել:





























