«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում իրականացվում են մեծածավալ ծրագրեր, որոնք հետպատերազմյան իրողություններից ելնելով ընդգրկում են ինչպես բնակարանաշինության ոլորտը, այնպես էլ ճանապարհաշինական տարբեր նախագծեր։
Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել են հանրապետության տարածքում մի շարք ակտիվ շինհարթակներ և տեղում ծանոթացել շինաշխատանքների ընթացքին։
Նախ նրանք այցելել են Ասկերանի շրջան, հետևել Հովսեփավան և Իվանյան համայնքների երեք նոր թաղամասերի կառուցման աշխատանքներին։ Այնուհետև շրջայց են կատարել մայրաքաղաքի տարբեր շինհրապարակներում (Առաքելյան, Տիգրան Մեծ, Թումանյան 82 փողոցների բազմաբնակարան շենքեր և Աջափնյակի ու Թումանյան փողոցի նոր թաղամասեր)։
Օրակարգում եղել է նաև ճանապարհաշինության ոլորտը։ Այց է կատարվել Մարտակերտի շրջան՝ Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ կառուցվող նոր ավտոճանապարհի շինարարական տեղամաս, իսկ Ասկերանի շրջանում՝ մայրուղուց դեպի Աստղաշեն բարեկարգվող ավտոճանապարհի հատված, որտեղ շինարարական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղում քննարկվել են աշխատանքների ընթացքին առնչվող և ավարտման ժամկետներին վերաբերող հարցեր։




























