Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նոր ու ժամանակակից գիշերային լուսավորությամբ կապահովվի քաղաքի կարևոր մուտքերից մեկը՝ Աշտարակի խճուղին: Կկառուցվի արտաքին լուսավորության նոր համակարգ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններն ավարտել են չլուսավորվող փողոցների և բակային տարածքների գույքագրման աշխատանքները: Նպատակը վերոնշյալ հասցեներում վարչական շրջանների ծրագրերով արտաքին լուսավորության աշխատանքների նախատեսումն է:

 Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ նախագծի ու համայնքային ծրագրերի շրջանակում քաղաքը լուսավորող 70 հազար լապտերներից 17000-ն արդեն փոխարինվել են էներգախնայող LED լուսատուներով:

Համատիրություններում առկա կառավարման խնդիրներին հնարավորինս լուծումներ տալու նպատակով հանձնարարվել է բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ ներդնել: Այս կերպ, բնակիչների համար առավել թափանցիկ ու տեսանելի կլինեն ֆինանսական հաշվետվությունները: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է մինչ դաշտում օրենսդրական լիարժեք փոփոխությունների ապահովումը՝ հաջողված մի շարք համատիրությունների օրինակով սկսել համակարգի ներդրումն ու արդյունավետ կառավարման մոտեցումների որդեգրումը:

Էլեկտրոնային «Mulberry» համակարգի ներդրման հետ կապված քաղաքապետին զեկուցվել է, որ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս շաբաթվա ընթացքում նախատեսվում է մեկնարկել աշխատակիցների վերապատրաստման գործընթացը: Երևանի քաղաքապետարանում փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ նոր համակարգով նախատեսվում է կազմակերպել մինչև մարտի վերջ: