Ս. թ. փետրվարի 16-ին Երևանում տեղի ունեցավ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի համագործակցության արդյունքում ստեղծված «COCA-COLA VIDEO GAME LAB» վերապատրաստման և զարգացման հարթակի բացման պաշտոնական արարողությունը։ Այստեղ երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերելու տեսախաղերի մշակման համար առաջին անհրաժեշտության տեխնիկական գիտելիքներ, տեսախաղերի բիզնեսի զարգացման հմտություններ, այդ թվում՝ շուկայավարում, ֆինանսներ, թվային արտադրանքների զարգացման առաջխաղացում և այլն։
«Կոկա-Կոլա ՀԲՔԱ» ընկերությունը և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը կարևորում են համագործակցությունը կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, մասնավորապես՝ աշխարհում արագ զարգացող տեսախաղերի արդյունաբերության ոլորտում։
«COCA-COLA VIDEO GAME LAB » հարթակը գտնվում է ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում։ Այն ԿԿՀԲՔԱ կողմից կահավորված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, այդ թվում՝ խաղային հատուկ համակարգչով, ականջակալներով, պրոյեկտորով, «Oculus 2» վիրտուալ սաղավարտով:
«Կոկա-Կոլա ՀԲՔԱ» ղեկավար թիմի անդամները, խաղերի ծրագրավորման մասնագետները և ԵՊՀ դասախոսները մենթորության նախագծերի և դասընթացների միջոցով կկիսվեն իրենց մասնագիտական գիտելիքներով ու փորձով երիտասարդների հետ: Վերապատրաստումն անցած անհատները և թիմերը հնարավորություն կունենան իրականացնելու իրենց մտահաղացումները՝ օգտագործելով հարթակի ռեսուրսներն ու հնարավորությունները: Արդեն իսկ անցկացվել են խաղերի մշակման դասեր, որոնց տևողությունը 4 ամիս էր։ Դասերին մասնակցել է 12 ուսանող։
Միջոցառման ընթացքում կնքվեց նաև համագործակցության հուշագիր՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի միջև։ Տվյալ հուշագիրը միտված է «COCA-COLA VIDEO GAME LAB» հարթակ-լաբորատորիայի գործունեության շարունակականության ապահովմանը։ Սա ևս մեկ քայլ է Հայաստանում ՏՏ ոլորտի առաջխաղացումը և երիտասարդների համապատասխան հմտությունների զարգացումը խթանելու համար, որը կնպաստի ինքնազբաղվածության զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։
Նշենք, որ հարթակ-լաբորատորիան, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համագործակցությամբ, հայտարարում է «GameDev Bootcamp» կրթական ծրագիրը, որը նպատակ ունի 16-ից 30 տարեկան երիտասարդների շրջանակում զարգացնելու տեսախաղերի ստեղծման և բիզնես հմտությունները, ինչպես նաև աջակցելու տեսախաղերի ոլորտում նրանց կողմից ստեղծված ստարտափները։ Ծրագրի շրջանակում մասնակիցներն իրենց գաղափարներով կներկայանան հեքըթոնային միջոցառման ժամանակ, իսկ հաղթողները կներգրավվեն ծրագրի հաջորդ փուլերում։
««Երիտասարդների զարգացումը» «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիայի» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է, որը շարունակական զարգացում է ապահովելու։ Առիթն օգտագործելով՝ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի մեր գործընկերներին այս համագործակցության հնարավորության համար։ Համոզված եմ, որ այն կլինի արդյունավետ և կծառայի երիտասարդության զարգացման ու աջակցման մեր կարևորագույն նպատակին»․ իր ողջույնի խոսքում նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը»:
«Շատ ոգևորիչ է, որ խաղերի ստեղծման ինկուբացիոն ծրագիրը պլանավորում է նոր թափ առնել, դառնալ ավելի մասշտաբային և ներառել նաև մարզերը։ Սա ուրախալի է ոչ միայն այն պատճառով, որ տնտեսության վրա զգալի էֆեկտ կունենա ապագայում, այլ նաև այն պատճառով, որ երիտասարդներն առիթ կունենան ուսումնասիրել խաղերի ստեղծման հրաշալի մասնագիտությունը, բացահայտել նոր ու հետաքրքիր մի աշխարհ, որտեղ, ըստ էության, սահմաններ չկան և ամեն ինչ հնարավոր է։ Այսպիսի նախագծերը կտոր առ կտոր ամբողջացնում են խաղերի ստեղծման էկոհամակարգի պատկերը։ Իսկ ամուր ու կայացած էկոհամակարգ ունենալն անհրաժեշտ է, եթե նպատակ ունենք միջազգային մեծ հաջողություններ գրանցել»,- նշել է իր խոսքում Նարեկ Աղեկյանը:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




























