Մելբուռնի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները 40 երկրների եւ մոտ 7 500 մարդու մասնակցությամբ բազմազգ հետազոտություն են անցկացրել։ Հոգեբանները ուսումնասիրել են, թե արդյոք կա որոշակի սոցիալական ճնշում, որը ստիպում է մարդկանց համապատասխանել ընդհանուր առմամբ ճանաչված երջանկության մակարդակին: Արդյունքներն այնքան էլ ուրախալի չեն եղել։ Եզրակացությունները հրապարակվել են Scientific Reports ամսագրում: Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ հղում անելով The Conversation-ին։

Հիմնվելով հասարակական կարծիքի Gallup խոշոր ինստիտուտի տվյալների վրա՝ հոգեբանները առանձնացրել են տարածաշրջաններ, որոնք բարեկեցության եւ երջանկության մակարդակով միջազգային վարկանիշում առաջատար են: Դրանցից է, օրինակ, Դանիան, որին այսօր հավասարվում է աշխարհի կեսը, որդեգրելով դանիացիների «հյուգե» կոչվող կենսակերպը:

Մի քանի տարի շարունակ գիտնականները գնահատել են փորձի մասնակիցների ինքնազգացողության էմոցիոնալ, ճանաչողական (կյանքից բավարարվածություն) եւ կլինիկական (տրամադրության գանգատներ, դեպրեսիա) ցուցանիշները։ Նրանք պարզել են, որ այս իսկապես բարգավաճ երկրներում երջանկության զգացողությունն արդեն գնահատվում է որպես սպասված նորմ։ Մարդկանց մոտ ձեւավորվել է այն զգացումը, որ կան հույզեր, որոնք հավանության են արժանանում, եւ կան այնպիսիք, որոնք արգելված են։

Երջանկության չափանիշներին համապատասխանելու ցանկությունը շատերի համար դժվար փորձառություն է դարձել։ Որքան բարձր է եղել երկրի համաշխարհային վարկանիշը, այնքան դա նկատելի է եղել։ Եթե մարդը հայտնվել է դժվարին իրավիճակում կամ ինչ-ինչ պատճառներով տխրել է, նա «չի համապատասխանել»։ Դա ավելի է խորացրել նրա վիճակը՝ ընդհուպ մինչեւ դեպրեսիա եւ հոգեկան առողջության այլ խնդիրներ։ Այսպես, համընդհանուր սովորական երջանկությունը սպառնալիքի տակ է դրել անձնական բարեկեցությունը:

Երջանիկ հասարակություններում սոցիալական ճնշումը նվազեցնելու համար գիտնականներն առաջարկում են վերանայել ազգային բարեկեցության մեր գնահատականները:

«Հնարավոր է, ժամանակն է դասակարգել երկրները ոչ միայն նրանով, թե որքանով են նրանք երջանիկ, այլեւ նրանով, թե որքանով են նրանք անվտանգ եւ բաց մարդկային փորձի ողջ սպեկտրի համար»,- ասում է Բրոք Բաստիանը՝ Մելբուռնի համալսարանի հոգեբանական գիտությունների դպրոցի պրոֆեսորը։

Գիտնականների եզրակացությամբ՝ բարեկեցությունը կախված է ոչ միայն դրական հույզերից, այլեւ բացասականներին ճիշտ վերաբերմունքից։ «Երջանկություն զգալն ու արտահայտելը լավ է, բայց լավ կլինի, եթե կարողանաս ճիշտ արձագանքել նաեւ բացասական փորձին»,- նշում են հետազոտության հեղինակները։