Ոստիկանությունը պարզաբանում է տարածել նախօրեին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի, ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու վերաբերյալ:
Ոստիկանության պարզաբանման մեջ ասվում է.
«Փետրվարի 22-ին, ժամը 19.40-ին, Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիներ խմբերով փորձել են մուտք գործել «Մարիոթ» հյուրանոցային համալիր, ինչը կանխվել է տեղում հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողների կողմից։ Քաղաքացիներին հյուրանոցային համալիր ներխուժելու փորձերը դադարեցնելու օրինական պահանջ է ներկայացվել, որն անտեսվել է։ Ինչից հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 25 անձ բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։
Այդ ընթացքում որևէ մեկը չի ներկայացել որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ և չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ։
Վարչական շենքի մուտքի դիմաց և ներսում բերված անձինք սկսել են բղավել և խոչընդոտել ոստիկանության ծառայողների գործողություններին: Ոստիկանության ծառայողները հանդարտվելու և անօրինական գործողությունները դադարեցնելու կոչեր են արել, սակայն նշված քաղաքացիները սկսել են հնչեցնել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, անընդհատ հրահրել են վիճաբանություն՝ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք ոստիկանության ծառայողների նկատմամբ և խոչընդոտելով Կենտրոնական բաժնի աշխատանքի բնականոն ընթացքը։
Հիշյալ անձինք խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Կենտրոնական բաժնի տարբեր աշխատասենյակներ և ներկայացվել նախաքննական մարմին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 22-ին Հանրապետության հրապարակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մի խումբ անդամներ բողոքի ակցիա էին իրականացրել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այցի կապակցությամբ․ նրանք Երեւան են ժամանել եւ մասնակցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովի՝ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած նիստերին։ Ոստիկանությունը 25 երիտասարդի ուժով բերման էին ենթարկել։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ բերման ենթարկված աղջիկներից մեկի ձեռքը վնասված է եղել՝ շտապօգնության բժիշկները նրան ոստիկանական բաժանմունքից հիվանդանոց են տեղափոխել, որտեղ պարզվել է, որ նրա ձեռքը կոտրվել է՝ կա՛մ բերման ենթարկելու պահին, կա՛մ ոստիկանական բաժանմունքում։
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը, որին ոստիկանները եւս բերման էին ենթարկել, եւս դուրս է եկել ոստիկանական բաժանմունքից։ Նա հանցագործության մասին հաղորդում է տվել առ այն, որ մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ իրենց ապօրինի կերպով բերման են ենթարկել՝ չնայած այն հանգամանքին, որ լրագրողական տարբերանշանն իր վրա փակցված է եղել։





























