Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է հակահայկական մնալ, եւ դա կապ չունի այս կամ այն ​​պայմանագրի ստորագրման հետ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից ստորագրված, ապա վավերացված, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը» միայն այս դիրքորոշման հաստատմանն է ուղղված։

«Այն ստորագրվեց միայն 2022 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքներն ամրագրելու համար»,- ասաց Իսկանդարյանը։

Այդուհանդերձ, ըստ քաղաքագետի, հարկ է նշել, որ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ, չնայած Ադրբեջանի հետ արդեն դաշնակցային հարաբերություններին, խիստ տարբերվում է պաշտոնական Բաքվի վերաբերմունքից եւ դիրքորոշումից։

«Ադրբեջանը ցանկանում էր լուծարել Լեռնային Ղարաբաղը որպես սուբյեկտ։ Սակայն չկարողացավ հասնել այդ նպատակին։ Ռուսաստանը նման նպատակ չի հետապնդել ու չի էլ հետապնդում։ Հակառակ դեպքում այն ​​չէր գա տարածաշրջան՝ ի դեմս իր խաղաղապահների։ Խոսքն այստեղ նրանում չէ, թե ով է սիրում, ով չի սիրում: Խոսքը ոչ թե սիրո, այլ շահերի մասին է»,- համոզված է փորձագետը։

Նա նաեւ նշեց, որ Ռուսաստանին, ըստ էության, պետք է եւ բավական շահեկան է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտությունը:

«Հարավային Կովկասում իր ազդեցությունն ապահովելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտությունը։ Ռուսաստանին անհրաժեշտ է խաղաղապահ առաքելություն իրականացնել, եւ այդ նպատակի համար համապատասխան տեղ է անհրաժեշտ։ Ընդ որում, այնտեղ պետք է մարդիկ լինեն, ում պետք է պաշտպանել: Ադրբեջանի մոտ ամեն ինչ հակառակն է. այն չի ուզում, որպեսզի Ղարաբաղում հայեր ապրեն»,- պարզաբանեց քաղաքագետը։