ԲՏԱ նախարար, ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը Sputnik Արմենիային պատմել է նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքների, մասնավորապես` ռազմական արդյունաբերության զարգացման ծրագրերի մասին։ Նա անդրադարձել է նաև ՀՀ նախագահի պաշտոնում իր առաջիկա անելիքներին։
Պարոն Խաչատուրյան, 1 տարի է, ինչ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայությամբ գործող Ռազմական արդյունաբերության կոմիտեն չունի ղեկավար։ Ինչո՞ւ է այդպես և դա չի՞ խանգարում կոմիտեի աշխատանքներին։
Հարցը տեղին է, որովհետև բոլոր դեպքերում, եթե կա պաշտոնը, ապա պետք է նաև ղեկավարը լինի։ Կարող եմ ասել, որ իհարկե լավ կլիներ, որ ղեկավար լիներ, որովհետև իմ ժամանակի ինչ-որ մի մասը, որ ես հիմա ծախսում եմ այդ պարտականությունները կատարելով, այդ ժամանակ ես չէի ծախսի։ Բայց ընդհանուր առմամբ աշխատանքին այս պայմանները չեն խանգարում, խնդիրները կատարվում են։
Ասեմ, որ համալրումներ են տեղի ունեցել և տեղի են ունենում հիմա։ Բավականին ազատ հաստիքներ և հիմա ունենք, մարդիկ կարող են դիմել` մրցույթի արդյունքում աշխատանքի անցնել ռազմարդյունաբերական կոմիտեում։ Հիշեցնեմ, որ ռազմարդյունաբերական կոմիտեն 3-րդ տարին է, ինչ գտնվում է մեր նախարարության ենթակայության տակ։ Մինչ այդ եղել է ՊՆ-ի ենթակայության ներքո, և ասեմ, որ նույնիսկ հիմա ենք մենք ամփոփում ընդունել–հանձնելու գործընթացը, որովհետև նախկինում շատ պատվերներ ՊՆ–ի ենթակայության տակ են եղել, մինչև հիմա այդ պատվերների գործընթացը չի ավարտվել, և մենք հիմա դեռ այդ գործընթացի մեջ ենք։ ՊՆ–ի հետ ժամանակացույց ենք սահմանել, որ վերջնականապես ավարտենք։
Պայմանագրեր կան, որոնք պետք է ավարտվեն, վճարումներ կան, որ պետք է ճշգրտվեն ու արվեն։ Այս ամենից հետո արդեն ամբողջական պատկերը կունենանք և հաշվետվություն կներկայացնենք կառավարությանը` ՊՆ–ի հետ համատեղ, թե ինչպիսին է այսօր ռազմարդյունաբերական կոմիտեի գիտահետազոտական, փորձարարական, կոնստրուկտորական աշխատանքների վիճակը։ Կոմիտեի ղեկավարի ընտրությանը, միգուցե նաև խանգարել է այն հանգամանքը, որ մեկ տարվա ընթացքում 3 նախարար է եղել, ամեն մեկն իր մոտեցումն ու իր սկզբունքներն ունի կադր ընտրելու հարցում։ Տվյալ դեպքում, ես 7-րդ ամիսն է, ինչ նախարար եմ ու կարծում եմ` ինձ ուղղված քննադատական խոսքն այդ առումով տեղին է։ Միգուցե ես մի քիչ ավելի բարձր չափանիշներ եմ դրել, թե ում եմ պատկերացնում այդ տեղում։
Չկա՞ մինչ այս պահը այդ մարդը։
Կան թեկնածուներ։
Կնշե՞ք ովքեր են։
Չէ՛, չեմ կարող։
Մինչ ձեր պաշտոնը թողնելը կհասցնե՞ք նշանակել։
Չի բացառվում։ Որքանով թույլ կտա ժամանակը, և, ի վերջո, այդ նշանակումը կատարվում է ՀՀ վարչապետի կողմից։
Տարբեր ընկերություններ կան, որոնք պետք է համագործակցեն ռազմարդյունաբերական կոմիտեի հետ` բանակին առնչվող տարբեր արտադրանքների տեսանկյունից։ Որքանո՞վ է կանոնակարգված այդ աշխատանքը, և ի վերջո` երբ մենք կտեսնենք թե՛ ԱԹՍ–ների և թե՛ այլ սպառազինության սերիական արտադրություն։ Ի՞նչն է խանգարում դրան։
Ամեն ինչ կանոնակարգված է, բոլորն էլ գիտեն, թե ինչպես պետք է իրենց գաղափարներն իրականություն դարձնեն։ Որպեսզի այդ աշխատանքները դառնան պետության կողմից ֆինանսավորվող, պետք է որոշակի պրոցեդուրաներ անցնեն` դիմում գրեն, դիմումից հետո պետք է քննարկվի ռազմարդյունաբերական կոմիտեում, իսկ քննարկումից հետո, եթե ռազմարդյունաբերական կոմիտեն դրական եզրակացություն տա, պետք է գա արդեն գիտպետկոմ։ Գիտպետկոմի` տարբեր մասնագիտությունների տեր մարդկանցով համալրված համապատասխան հանձնաժողովն ընդհանուր գնահատական պետք է տա, թե որքանով է տվյալ նախաձեռնությունը, գաղափարն իրականանալի։ Բացի այդ պետք է լինի ՊՆ–ի կամ ՀՀ ԶՈւ ԳՇ–ի կարծիքը` ինչքանով է այդ գաղափարը ՊՆ–ի համար պիտանի։ Այդքանից հետո ավելի բարձր մի ատյան կա, որը դա հաստատում է, և մենք արդեն` որպես նախարարություն, իրավունք ենք ստանում ֆինանսավորելու։ Այդտեղ էլ որոշակի խոչընդոտներ կան, բայց դրանց մասին չասեմ, որովհետև ուղղակի աշխատանքային հարցեր են, նաև որոշակի դժվարություններ` կապված ֆինանսավորման հետ։ Այդպիսի ընկերություններին ֆինանսական կազմակերպությունները ցանկություն չեն ունենում ֆինանսավորելու, որովհետև հաշվետվությունների տալու ժամանակ միշտ չէ, որ այդ ֆինանսական կազմակերպություններն իրավունք ունեն երկակի նշանակությամբ արտադրության ֆինանսավորում իրականացնելու։
Գաղտնիությա՞ն հետ կապված։
Այո՛, այո՛։ Եվ այդ պատճառով մենք` որպես պետություն, լրացուցիչ ռիսկի ենք գնում , կանխավճարներ ենք կատարում, մի քիչ էլ ավելի, որ այդ գաղափարներն իրականություն դառնան։ Առիթը օգտագործելով ասեմ նաև, որ, կարծում եմ` գաղտնիք չէ, առօրյայում այնպես է լինում, որ այդ գաղափարների իրականացման ժամանակ, փորձարկումները չեն ստացվում` մեկ, երկու, երեք անգամ։ Հիմա, որ Դուք ԱԹՍ–երի մասին եք հարցնում, խնդիրը նրանում է, որ մենք գիտենք, որ արդեն ամեն ինչ պատրաստ է, վաղը պետք է թռիչքը լինի, բայց թռիչքի ժամանակ որոշ անսարքություններ են լինում։ Ի վերջո, նոր արտադրանք է` իր ամեն ինչով հանդերձ։
Եվ քանի որ ես իմ երիտասարդ տարիներին աշխատել եմ ռազմարդյունաբերական համալիրում և առնչվել եմ այդպիսի փորձերի հետ, ես տեսել եմ, թե խորհրդային տարիներին ինչ գումարներ էին ծախսվում գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների վրա։ Ես շատ մեծ խնդիր չեմ տեսնում նրանում, որ նրանց պետք է երրորդ կամ չորրորդ անգամ հնարավորություն տալ։ Ավելի ասեմ` վարչապետի կողմից ուղղակի մոտեցումն է այդպիսին, որ մենք բոլոր այդպիսի մարդկանց կամ խմբերին, ովքեր նորարարությամբ են զբաղվում, աջակցել, հնարավորություն տալ` գաղափարներն իրականություն դարձնելու։ Հիմա գանք սերիականին. իսկ ո՞վ ասեց, որ մենք չունենք սպառազինության սերիական արտադրություն։ Այսօր ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը` մասնավոր և պետական ձեռնարկություններ, մեր պաշտպանության որոշակի պահանջներ բավարարում են։
Կարծեմ մեկ անգամ հրապարակային եղել է հայտարարություն` ականանետերի հետ կապված։
Այո՛, դրանք կան, արդեն բանակում են, շահագործվում են։ Կարծում եմ, որ մեր բանակայիններն էլ գոհ են։ Շատ կարևոր է, որ դրանք տեղական են, որովհետև մենք նաև ուղեկցում ենք։ Այսինքն` բանակում, երբ որևէ խնդիր է լինում, ուղղակի մասնագետներն այդ խնդիրը փորձում են բանակայինների հետ լուծել, նաև` կատարելագործելու առումով, ոչ միայն ընթացիկ վերանորոգում անելու։
Հնարավո՞ր է մեծ քանակություն լինի, հետագայում` արտահանում։
Այո՛, մեր ուղղությունն այդպիսին է. մեր արտադրանքը ոչ միայն պիտի կիրառելի լինի ՀՀ պաշտպանության կարիքների համար, այլև դրանք պետք է հնարավորություն ունենան արտահանվելու։
Եթե գաղտնիք չէ, ո՞ր երկրներն են հետաքրքրված հայկական արտադրանքով։
Էլի գաղտնիք է։ Կներեք, մեզ մոտ հարցը շատ խիստ է դրված, և անվտանգության ծառայությունն էլ մեզ պարբերաբար հիշեցնում է։ Ես որևէ ավելորդություն չեմ տեսնում, երբ մենք գաղտնի դրության այս սահմանափակումները մեծացնում ենք։ Օրինակ` գործուղումների հետ կապված. ես միշտ կողմնակից եմ եղել թափանցիկ աշխատելուն, բայց մենք նույնիսկ կառավարությանն առաջարկություն ներկայացրեցինք, որ երբ մեր կառույցներից են գնում գործուղման, գաղտնի պահվի և՛ նրանց տոմս գնելը, և՛ ուր են գնում, ովքեր են գնում, որովհետև հակառակորդ կողմը կամ այլ երկրներ շատ հետաքրքրված են ու մանրամասն նայում են։ Եվ ԱԹՍ–ների մասով. այն, որ ես հունվարին ասել եմ, դրանք իրականություն են դառնում։ Հենց այսօր, այս պահին փորձարկումներ են գնում։ Ես հույս ունեմ, որ վաղը, մյուս օրը որևէ մի ընկերություն ի վերջո կավարտի իր նախնական բոլոր փորձարկումները և վերջնական պայմանագիր կկնքվի ՊՆ–ի հետ։ Ստեփանակերտի N3 դպրոցում բացվեց ԱԹՍ-ների կրթական առաջին աշխատանոցը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:





























