Նորվեգիայում հուլիսի 22 -ին երիտասարդական ճամբարի գնդակոծման մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկի փաստաբան Գեյր Լիպեստադը հայտարարել է, որ իր վստահորդը լիովին ընդունել է իր մեղքը Օսլոյի կառավարական թաղամասում պայթյունի եւ երիտասարդական ճամբարի սպանդի կազմակերպման մեջ:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Բրեյվիկն իր գործողությունների պատճառը դատարանին կբացատրի հուլիսի 25-ին: «Նա ընդունել է, որ իր գործողությունները դաժան են եղել, բայց, նրա պնդմամբ, անհրաժեշտ»,-ասել է փաստաբանը:
Ըստ նորվեգական ԶԼՄ-ների` 32-ամյա Անդերս Բրեյվիկն աջ-արմատական շրջանակներից է: Twitter-ում Բրեյվիկի միկրոբլոգում ահաբեկչությունից հինգ օր առաջ տեղադրված է եղել մեկ գրառում. «Ամուր հավատ ունեցող մեկ մարդը հավասար է միայն շահեր ունեցող 100 000 ուրիշների»:
Հուլիսի 23 -ին Բրեյվիկին մեղադրանք է ներկայացվել «Ահաբեկչություն եւ ահաբեկչական գործունեություն» հոդվածով, որը նախատեսում է մինչեւ 21 տարվա ազատազրկում:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Նորվեգիայի վարչապետի գրասենյակի մոտ հուլիսի 22-ի պայթյունին հաջորդել էր Նորվեգիայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող կառավարող Աշխատանքային կուսակցության երիտասարդական ճամբարի գնդակոծումը, որի արդյունքում զոհվել էր առնվազն 80 մարդ:




























