Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություն է ներկայացրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան  գործով  քննիչին վարույթից հեռացնելու մասին դատախազի որոշման դեմ: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գտնվում էր արգելանքի տակ, քանի որ քրեական գործով ճանաչվել էր իրեղեն ապացույց։

Նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, դատարանից պահանջել էր չեղարկել առանձնատան վրա դրված սահմանափակումները, դատարանը որոշել էր բավարարել հայցը, եւ մինչ Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, Հակակոռուպցոին կոմիտեի քննիչը, ըստ Դատախազության տարածած հաղորդագրության, առանց հսկող դատախազին իրազեկելու, գրություն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ վերացնելու քրեական գործով  Աբրահամյանին պատկանող հողամասի նկատմամբ կիրառված սահմանափակումները: Արդյունքում նշված անշարժ գույքը վաճառվել էր։

Ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ կոմիտեն  գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։ Այժմ, դատախազը քննիչին հեռացրել է վարույթից։