Եվրոպայի՝ այսպես կոչված վախի սանդղակը հասել է իր ամենաբարձր մակարդակին կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր, ինչը կարող է հետագա տնտեսական խնդիրներ նշանակել հատկապես Իտալիայի համար:
Իտալական եւ գերմանական պարտատոմսերի միջեւ եկամտաբերության տարբերությունը դիտվում է որպես եվրոպական շուկաներում սթրեսի չափանիշ եւ սերտորեն վերահսկվում է ներդրողների կողմից:
Իտալիայի 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է մինչեւ 4 տոկոս՝ մակարդակ, որը չի գրանցվել 2014 թվականից ի վեր: Նման պատկեր է նաեւ եվրոպական մյուս երկրներում, որոնք մեծ պարտքեր ունեն։
Երկուշաբթի Հունաստանի 10-ամյա եկամտաբերությունը հասել է 4,43 տոկոսի, մինչդեռ Պորտուգալիայի եւ Իսպանիայի 10-ամյա եկամտաբերությունը բարձրացել է մինչեւ 2,9 տոկոս։
«Ամենուր եկամտաբերությունն աճում է ինֆլյացիայի աճի հետ կապված մտահոգությունների եւ աճող սպասումների պատճառով, որ կենտրոնական բանկերը ստիպված կլինեն ագրեսիվորեն բարձրացնել տոկոսադրույքները»,-CNBC-ին ասել է Capital Economics-ի խմբի գլխավոր տնտեսագետ Նիլ Շիրինգը:
«Հունաստանում պարտքի մեծ մասը պատկանում է պաշտոնական վարկատուներին, որոնք Հունաստանին տրամադրել են շատ բարենպաստ պայմաններ։ Շուկաները կարող են անհանգստանալ դրանց համար, բայց հիմնարար գործոնները չեն արդարացնում նման մտավախությունները»,-ասում է Berenberg-ի գլխավոր տնտեսագետ Հոլգեր Շմիդինգը: «Իրական խնդիրը Իտալիան է: Չնայած վարչապետ Մարիո Դրագիի որոշ բարեփոխումներին՝ Իտալիայի աճի միտումը մնում է թույլ: Իտալիայի համար 4 տոկոսից շատ բարձր եկամտաբերությունը կարող է խնդիր դառնալ»,-հավելել է Շմիդինգը։
Մայիսին Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ ակնկալում է, որ Իտալիայի աճը տեմպը կդանդաղի այս եւ հաջորդ տարի: Ակնկալվում է, որ այս տարի տարեկան աճը կկազմի շուրջ 2,5 տոկոս, իսկ 2023 թվականին՝ 1,75 տոկոս: Հիմնադրամը նաեւ նախազգուշացրել է, որ «ֆինանսական պայմանների ավելի կտրուկ խստացումը կարող է ավելի դանդաղեցնել աճը, բարձրացնել ֆինանսավորման արժեքը եւ դանդաղեցնել պետական պարտքի անկման տեմպերը եւ ստիպել բանկերին կրճատել վարկավորումը»:





























