Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում մեկնարկել է դատավորների ընդհանուր ժողովը։

NEWS.am-ը ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանից տեղեկացավ, որ Հանրապետության 268 դատավորից 146-ը մասնակցում է նիստին։

Նշենք, որ օրակարգում ներառված է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը: Ինչպես հայտնի է, ԲԴԽ անդամ Լիպարիտ Միրիջանյանն ընտրվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, նրա տեղը թափուր է, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին, իսկ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց։

Ավելի վաղ դատավորների ընդհանուր ժողովի առնչությամբ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե շատ դատավորներ որոշել են բոյկոտել եւ չգնալ ժողովին։ Հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորներին խիստ վրդովել են Ազգային ժողովի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությունների արդյունքները։ Բացի այդ, շատ դատավորների զայրացրել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանքը բավարարած դատավորների գործելաոճը, երբ հանգիստ նստած հետեւել են, թե ինչպես մարդը մահկանացուն կնքեց դատարանի դահլիճում: