Վրաստանի քաղաքացին փորձել է ուկրաինական կեղծ անձնագրի միջոցով բնակության թույլտվություն ստանալ Ֆրանսիայում, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները։

Դեպքը տեղի է ունեցել Նիցցայում անցած շաբաթ։ 60-ամյա տղամարդը դիմել էր համապատասխան մարմիններին որպես «ժամանակավոր պաշտպանության շահառու» Ֆրանսիայում ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար։

Ուկրաինայի քաղաքացու անձնագիրը, որը տղամարդը տրամադրել էր գործակալներին, կասկած էր առաջացրել։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանները։
Կեղծ ուկրաինացին բերման է ենթարկվել, գրում է Monaco-Matin թերթը:

Ձերբակալման ժամանակ տղամարդը խոստովանել է, որ Վրաստանի քաղաքացի է, եւ 500 դոլարով կեղծ փաստաթուղթ է գնել։ Ձերբակալվածը պնդել է, որ Ֆրանսիա է եկել քաղցկեղից բուժվելու համար։

Նրան պարտավորեցրել են երեսուն օրվա ընթացքում լքել Ֆրանսիայի տարածքը։