Երեւանի սուպերմարկետներում այսօր թանկացել է շաքարավազը` 350 դրամից հասնելով մինչեւ 450 դրամից: Այս են ցույց տալիս NEWS.am-ի հարցումները սուպերմարկետների շրջանում: Այսպես` «Երեւան Սիթի» խանութների ցանցում շաքարավազի 1 կգ այսօր արժե 430 դրամ` երեկվա 377 դրամի փոխարեն: Իսկ թե ինչով է պայմանավորված թանկացումը, աշխատակիցը նշեց, որ միջազգային շուկայում շաքարավազը թանկացել է: «Սթար» սուպերմարկետների ցանցում շաքարավազի 1 կգ այսօր դարձել է 430 դրամ, իսկ «Մուսա լեռ»-ում այն արժե 450 դրամ, մինչդեռ երեկ 350 դրամ էր: «Երիցյաններ» սուպերմարկետում երկու օր է` շաքարավազի 1կգ 400 դրամից դարձել է 420 դրամ: Իսկ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում շաքարավազի 1 կգ միշտ 420 դրամ էր: «Սաս» սուպերմարկետների ցանցում շաքարավազի 1 կգ դեռ 375 դրամ է:
Նշենք, որ Հայաստան շաքարավազի մենաշնորհային ներկրողը ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն է: Նրա «Ալեքս Գրիգ» ընկերությունը շաքարավազի շուկայում ունի ամենամեծ մասնաբաժինը` 99,99 տոկոս: Ինչ վերաբերում է պատճառաբանությանը, թե միջազգային շուկայում գները բարձրացել են, հետաքրքիր է` իսկ ինչու Հայաստանում չէր էժանանում ալյուրն ու հացը, երբ միջազգային շուկայում ցորենի գները նվազում էին: Չէ՞ որ ալյուրի շուկան Հայաստանում համարվում է ամենաբարձր կենտրոնացվածության աստիճան ունեցողներից մեկը: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալներով` «Ալեքս Գրիգ» եւ «Մանանա Գրեյն» ընկերությունները այս շուկայում ունեն ավելի քան 80 տոկոս մասնաբաժին:



























