Օգոստոսի 23-ին Փարիզում կայացած ճեպազրույցում Ֆրանսիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարը պատասխանել է մի շարք հարցերի, կապված նաեւ ֆրանսիացի պատգամավորների` Լեռնային Ղարաբաղ կատարած այցի հետ. «Ֆրանսիացի պատգամավորները այցելել են Լեռնային Ղարաբաղ: Ինչպիսի՞ն են Ձեր մեկնաբանությունները»:

Ւ պատասխան` Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է. «Պատգամավորները անհրաժեշտ կերպով տեղեկացված են Լեռնային Ղարաբաղի հանդեպ մեր դիրքորոշման մասին: Հետեւաբար, այդ այցը ոչ մի կերպ չի արտահայտում կամ չի փոխում հակամարտության հանդեպ Ֆրանսիայի վարած քաղաքականությունը: Ֆրանսիան, ինչպես եւ միջազգային հանրության բոլոր երկրները, այդ թվում ինքը` Հայաստանը, չի ճանաչում այդ տարածքի անկախությունը:

Այդ տարածքի միջոզգային-իրավական կարգավիճակը կարող է որոշվել միայն խաղաղ եւ արդար որոշման շրջանակներում, որը կհամաձայնեցվի շահագրգիռ կողմերի հետ: Ֆրանսիան համանախագահում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ նահանգների եւ Ռուսաստանի հետ միասին, եւ նրա առաջ խնդիր է դրված` օգնել գտնել կոմպրոմիս` Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների` տարբեր առիթներով արված առաջարկների հիման վրա, հատկապես 2009 թ. Ակվիլայում կայացած «Մեծ ութնյակի» եւ 2010 թ. Մուսկոկի գագաթնաժողովների ժամանակ»: