Հայաստանի գլխավոր դատախազության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որով կողմերը պայմանավորվել են համագործակցել դատախազության համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները գնահատելու հարցում: Հուշագիրը ստորագրել են գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու ԵԱՀԿ գրասենյակի տնօրեն Սերգեյ Կապինոսը:
Ըստ այդ հուշագրի, ԵԱՀԿ-ն կաջակցի 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված Դատախազության մասին ՀՀ օրենքի, դատախազությանը վերապահված գործառույթների, պարտականությունների ու լիազորությունների մասնագիտական վերլուծությանը՝ հրավիրելով միջազգային փորձագետի: Գնահատման միջոցով փորձագետը կմշակի դատախազության աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը բարելավելու նպատակով համապատասխան առաջարկություններ եւ դրանց իրականացման մեխանիզմներ
Դատախազության համակարգում իրականացված բարեփոխումները ուսումնասիրելու նպատակով միջազգային փորձագետ հրավիրելու առաջարկությամբ հանդես էր եկել գլխավոր դատախազը դեռեւս ՝ 2010 թվականի սեպտեմբերին՝ դեսպան Սերգեյ Կապինոսի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Ներկայումս գործող Դատախազության մասին օրենքն ընդունվել է 2007-ին:




























