Ճապոնական Casio եւ Honda ապրանքանիշները համագործակցում են երկար տարիներ եւ իրենց համատեղ աշխատանքի շրջանակներում թողարկել են ժամացույցի մի շարք մոդելներ։ Այս անգամ ճապոնական ժամագործները որոշել են հավերժացնել ճապոնական ավտոարտադրողի սպորտային հաջողությունները, ինչպես նաեւ ճապոնական խորհրդանշական մրցարշավային «Սուզուկա» մայրուղու հոբելյանը: Բոլոր խորհրդանշական պահերն իրենց մարմնավորումն են գտել Casio Edifice EQB-2000HR-ի «Honda Racing Red Edition» ժամացույցում: Աքսեսուարը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի վերջին՝ 563 դոլար գնով, գրում է Motor-ը։
Ժապավենի կողպեքների միջեւ փորագրված Honda գրությունը եւ թվատախտակին HRC (Honda Racing Corporation) լոգոն ցույց են տալիս կապը ճապոնական ավտոարտադրողի հետ, իսկ ժամացույցի հետեւի մասում փորագրված են Suzuka Circuit մայրուղու ուրվագիծը եւ ավտոդրոմի 60-ամյակին նվիրված լոգոն:
Ժամացույցը պատրաստված է սեւ եւ կարմիր գույներով։ Սեւ եւ կարմիր ժապավենը՝ կարմիր կարերով, հղում է անում Type R ընտանիքի մեքենաների նստարանների պաստառներին, իսկ թվատախտակի վրա կարմիր շեշտադրումները, ըստ Casio-ի, պատրաստված են նույն ներկով, որն օգտագործվում է Type R մեքենաների կարմիր մասերը ներկելու համար:
Բացի այդ, կարմիր մասերը հարգանքի տուրք են մատուցում «Ֆորմուլա 1»-ում 1964 թվականի Honda RA271 մրցարշավային մեքենային:





























