Զբոսանավի ամերիկացի ուղեւորուհին մահացել է Բահամյան կղզիների մոտ շնաձկան հարձակման հետեւանքով, հայտնում է BBC-ն:

Փենսիլվանիայից 58-ամյա կինը էքսկուրսիայի է եղել Նասաուի մերձակայքում գտնվող Գրին Քեյի մոտ, երբ դեպքը տեղի է ունեցել:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ նրա վրա հարձակվել է կետային շնաձուկը: Նույն վայրում տեղի ունեցած նմանատիպ դեպքը 21-ամյա ամերիկացու կյանք է խլել 2019 թվականին։

Ոստիկանության ներկայացուցիչ Քրիսլին Սքիփինգսը լրագրողներին ասել է, որ կինը էքսկուրսիայի է եղել տեղական զբոսաշրջային ընկերության հետ, որը նրան տարել է սնորքելինգի համար հայտնի վայր:

Ընտանիքի անդամներն ու զբոսաշրջային ընկերության աշխատակիցները տեսել են հարձակման պահը եւ կարողացել են նրան ջրից հանել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Իշխանությունները զոհին մահացած են հայտարարել այն բանից հետո, երբ նրան ափ են հանել:

Սա 2019 թվականից ի վեր շնաձկան առաջին մահացու հարձակումն է Բահամյան կղզիներում։