WikiLeaks կայքը հրապարակել է Երեւանում ԱՄՆ-ի դեսպանության 2005 թ. ապրիլի 28-ի հեռագիրը, որում թարգմանված է 2005 թ. ապրիլի 25-ին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նամակը` ուղղված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչպես նաեւ Հայաստանի ԱԳՆ մեկնաբանությունները:
Էրդողանին ուղղված Հայաստանի նախագահի նամակում ասված է.
«Հարգելի վարչապետ,
Ես ստացա Ձեր նամակը: Իսկապես, որպես երկու հարեւաննների մենք երկուսս էլ պետք է աշխատենք` ներդաշնակության մեջ միասին ապրելու համար: Այդ իսկ պատճառով, առաջին իսկ օրից մենք ձեռք ենք մեկնել Ձեզ, որպեսզի հարաբերություններ հաստատենք, բացենք սահմանը եւ այդպիսով երկխոսություն սկսենք երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ:
Կան հարեւան երկրներ, հատկապես եվրոպական մայրցամաքում, որոնք ծանր անցյալ են ունեցել եւ դրա շուրջ տարբեր տեսակետներ ունեն: Սակայն դա չի խանգարում նրանց ունենալ բաց սահմաններ, նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր, ներկայացուցիչներ, նույնիսկ եթե նրանց առաջարկեն քննարկել այն, ինչը նրանց բաժանում է:
Անցյալի հետ կապված հարցերը լուծելու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե չեն լուծվում ներկայի եւ ապագայի հետ կապված խնդիրները: Արդյունավետ երկխոսություն սկսելու համար մենք պետք է ստեղծենք համապատասխան բարենպաստ քաղաքական միջավայր: Երկկողմ հարաբերությունների զարգացման համար պատասխանատու է կառավարոթյունը եւ, Դուք իրավունք չունեք այդ պատասխանատվությունը բարդել պատմաբանների վրա: Այդ իսկ պատճառով մենք առաջարկել ենք եւ կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների երկու երկրների միջեւ նորմալ հարաբերություններ հաստատել:
Այդ ենթատեքստում միջկառավարական հանձնաժողովը կարող է հանդիպել, որպեսզի քննարկի երկու երկրների բոլոր չլուծված հարցերը` դրանց լուծման եւ փոխըմբռնման հանգելու նպատակով:
Հարգանքներով, Ռոբերտ Քոչարյան»:
Դիվանագիտական նոտային առընթեր ոչ պաշտոնական բացատրական փաստաթղթում, որը հեղինակել է դեսպան Ջոն Էվանսը, ասված է հետեւյալը.
«Նորություն չէ այն նամակի պարունակությունը, որ նախագահ Քոչարյանը ստացել է վարչապետ Էրդողանից: Պատմաբաններին ուղղված «1915 թ. դեպքերի» ուսումնասիրման կոչը միջոց է, որն ամեն անգամ թուրքական վարչակազմը օգտագործում է, երբ բախվում է միջազգային հանրության` Ցեղասպանության ու դրա ճանաչման հետ կապված հարցերի նկատմամբ հետաքրքրության դրսեւորման հետ:
Առաջին անգամ նմանօրինակ առաջարկ է արվել գրավոր տեսքով ամենաբարձր մակարդակով: Այդ պատճառով Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է վարչապետ Էրդողանին, չնայած, որ մենք լուրջ մտահոգություններ ունենք դրանց անկեղծության եւ լրջության վերաբերյալ:
Մեր մտահոգությունները պայմանավորված են մի շարք գործոններով.
Առաջին հերթին, նամակը թուրքական մամուլում հայտնվել է նախքան Երեւան հասնելը:
Երկրորդ, այն անմիջապես հրապարակվել է ԱՄՆ-ի Կոնգրեսում ակնհայտ ենթատեքստով, որ ընթանում է «մերձեցման» եւ «հաշտեցման» գործընթաց եւ ԱՄՆ-ի ցանկացած գործողություն (օրինակ, Կոնգրեսի բանաձեւը) կարող է բացասական ազդեցություն ունենել:
Երրորդ, թուրքական քրեական օրենսգիրքը պատիժ է սահմանել հայերի կապակցությամբ «ցեղասպանություն» բառը կիրառող քաղաքացիների համար: Իրականում Օրհան Փամուկի եւ Ռագիփ Զարաօղլուի դեմ ընթացող դատական գործընթացները դեռ ավարտված չեն:
Չորրորդ, թուրքական խորհրդարանը հայկական հարցով լսումներ է անցկացրել ապրիլի կեսերին եւ հանդես է եկել հայտարարությամբ, որ ոչ միայն հաստատում է նրանց ռեւիզիոնիստական ջանքերը, բայց եւ ակնհայտորեն կոչ է անում երրորդ պետությանը (օրինակ` Մեծ Բրիտանիային) վերամշակել, վերանայել եւ շտկել իր արխիվները:
Այդուհանդերձ, նախագահ Քոչարյանի նամակը հաստատել է Հայաստանի դիրքորոշումը. Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած հարց միջկառավարական մակարդակով: Դա անելու լավագույն տարբերակը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է: Նույնիսկ եթե հնարավոր չէ անմիջապես հասնել դրան, կարելի է որոշակիորեն նորմալ հարաբերություններ հաստատել, բացել սահմանները, ազատ հաղորդակցվել եւ փոխադարձ այցելություններ կազմակերպել:
Հայաստանը նախապայմաններ չի դնում հարաբերությունների կարգավորման եւ սահմանները բացելու համար: Երկկողմ բոլոր խնդիրները, այդ թվում Ցեղասպանության հետ կապված հարցերը, կքննարկվեն հարբերությունների հաստատումից անմիջապես հետո:
Թուրքիան օգտագործում է երեք տարբեր արդարացումներ, որ բացատրի, թե ինչու է սահմանները փակ պահում: Դրանից մեկն այն է, որ Հայաստանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: (Հայաստանը պատասխանը հետեւյալն է` ցեղասպանության ճանաչումն ու հիշատակումը բարոյական հարց է, որը չի կարող ետին պլան մղվել, սակայն Հայաստանը ցեղասպանության ճանաչումն ու հիշատակումը նախապայման չի դարձնում):
Երկրորդ պատճառն այն է, որ հայերը չեն հաստատել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: (Հայաստանի պատասխանը հետեւյալն է` Կարսի պայմանագիրը, որով որոշվում է Հայստանի եւ Թուրքիայի սահմանը, ոչ հետ է կանչվել, ոչ էլ չեղյալ է հայտարարվել: Բացի այդ, անկախության հռչակումից հետո ոչ մի հայ պաշտոնյա տարածքային հավակնությունների չի ներկայացրել Թուրքիայի նկատմամբ):
Երրորդ պատճառը դա Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունն է: (Հայաստանի պատասխանը հետեւյալն է` երրորդ կողմի հետ ունեցած հարցը կապ չունի երկկողմ հարաբերությունների հետ):
Մենք հույս ունենք, որ վարչապետ Էրդողանը դրական պատասխան կտա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Քոչարյանի առաջարկին, որպեսզի մենք կարողանանք լուծել ամենաբարդ խնդիրները»:




























