Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուահիդ Գալալին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը Հայաստանի իշխանությունների եւ անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել դեսպան Ուահիդ Գալալին` պաշտոնավարման չորս տարիների ընթացքում նրա կատարած աշխատանքի եւ հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար:
«Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերությունները գալիս են դարերի խորքից, եւ մենք, իրավամբ, հպարտանում ու բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները Եգիպտոսի ժողովրդի հետ: Վստահ ենք, որ Հայաստանում Եգիպտոսի հաջորդ դեսպանը եւս իր ներդրումը կունենա երկկողմ կապերի ամրապնդման ու զարգացման գործում, եւ մեր հարաբերությունները կլինեն հարատեւ»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` կարեւորելով արաբական աշխարհի եւ հատկապես այդ աշխարհում բարձր հեղինակություն ունեցող Եգիպտոսի հետ միջպետական հարաբերությունների եւ համագործակցության խորացումը:
Տեղեկանալով, որ դեսպան Ուահիդ Գալալը Հայաստանում իր առաքելությունն ավարտելուց հետո, գործունեությունը շարունակելու է հայրենիքում` որպես մշակութային հարցերով Եգիպտոսի ԱԳ նախարարի տեղակալ, նախագահը նրան մաղթել է հաջողություններ:
Դեսպան Ուահիդ Գալալը նշել է, որ Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը եւ նոր պաշտոնում եւս ջանք չի խնայի հայ-եգիպտական բարեկամական կապերի առավել սերտացման ու համագործակցության ընդլայնման համար:




























