Ցածր աճի եւ բարձր ինֆլյացիայի թունավոր տնտեսական համադրությունը մոտակա տարիներին ամբողջ աշխարհում կհանգեցնի «զանգվածային սնանկությունների եւ կասկադային ֆինանսական ճգնաժամերի»: Այս մասին Time-ի իր հոդվածում գրել է հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին։
Նրա փաստարկը հիմնված է այն գաղափարի վրա, որ մենք համաշխարհային տնտեսության համար նոր դարաշրջան ենք մտնում «հիպերգլոբալացումից», հարաբերական աշխարհաքաղաքական կայունությունից եւ տեխնոլոգիական նորարարություններից հետո, որոնք օգնել են զսպել ինֆլյացիան սառը պատերազմի ժամանակներից:
Ռուբինին կարծում է, որ «Մեծ ստագֆլացիոն անկայունության» մեր նոր դարաշրջանը կսնուցվի ինֆլյացիոն միտումներով, ինչպիսիք են բնակչության ծերացումը, կլիմայի փոփոխությունը, մատակարարումների խափանումները, պրոտեկցիոնիզմի աճը եւ արդյունաբերության վերակողմնորոշումը, կամ այժմ արտերկրում գործող բիզնեսները իրենց ելակետային երկրներ վերադարձնելու գործընթացը:
Եվ այս պայմաններում ինֆլյացիայի դեմ պայքարելու համար, պնդում է նա, կենտրոնական բանկերը ստիպված կլինեն բարձրացնել տոկոսադրույքները մինչեւ պատմական նորման՝ տարիներ շարունակ հակառակ ուղղությամբ շարժվելուց հետո:
«Դրամավարկային քաղաքականության արագ կարգավորումը եւ տոկոսադրույքների աճը կհանգեցնեն սնանկության եւ տնային տնտեսությունների, ընկերությունների, ֆինանսական հաստատությունների եւ փոխառության բարձր մասնաբաժին ունեցող կառավարությունների դեֆոլտի»,- ասել է Ռուբինին՝ նշելով, որ մասնավոր եւ պետական պարտքի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում 1999-ին 200 տոկոսից բարձրացել է մինչեւ 350 տոկոս այս տարի:
Բայց ի տարբերություն շատ այլ տնտեսագետների եւ բիզնես-առաջնորդների, նա զգուշացնում է, որ կենտրոնական բանկի պաշտոնյաները չեն կարող դադարեցնել տոկոսադրույքների բարձրացումը, այլապես ինֆլյացիան կդառնա մշտական խնդիր ամբողջ աշխարհում: Ըստ էության, Ռուբինին կարծում է, որ ներկայիս ինֆլյացիոն միջավայրի պատճառով կենտրոնական բանկերը մուրճի ու զնդանի միջեւ թակարդում են:
«Ստագֆլյացիոն ցնցումներին բախվելով՝ կենտրոնական բանկը պետք է խստացնի իր քաղաքականությունը, նույնիսկ երբ տնտեսությունը գնում է դեպի ռեցեսիա»,- ասել է նա:
Ռուբինին իր հոդվածը եզրափակել է ներդրողներին ուղղված իմաստուն խորհուրդներով՝ խուսափեք բաժնետոմսերից եւ երկարաժամկետ պարտատոմսերից: «Ներդրողները պետք է գտնեն ակտիվներ, որոնք կպաշտպանեն իրենց ինֆլյացիայից, քաղաքական եւ աշխարհաքաղաքական ռիսկերից եւ բնապահպանական վնասներից. դրանք ներառում են կարճաժամկետ պետական պարտատոմսեր եւ ինֆլյացիայի ինդեքսով պարտատոմսեր, ոսկի եւ այլ թանկարժեք մետաղներ, ինչպես նաեւ շրջակա միջավայրի վնասի հանդեպ կայուն անշարժ գույք»,- նշել է նա:





























