Կոմիտաս 1 հասցեում գտնվող 42 բնակարանն արդեն երկու տարի է` դարձել է փոքրիկ Արցախ, որտեղ 44-օրյա պատերազմի հետեւանքով սեփական տներից տարհանված կանայք ու աղջիկները փորձում են նոր կյանք սկսել` նոր մասնագիտություն ու աշխատանք ձեռք բերելով: Նրանց այդ հարցում օգնում է «Ձեռք մեկնիր» բարեգործական կազմակերպությունը, որը ստեղծվել է արցախցի կանանց աշխատանքի տեղավորելու նպատակով: Կանայք այստեղ նախ սովորում են, ձեռք բերում վարսահարդարի, դերձակի կամ մատնահարդարի մասնագիտացում, որից հետո անցնում աշխատանքի: Կազմակերպության հիմնադիրներից Պարույր Սինիավսկին NEWS.am-ին հայտնեց, որ հիմնադրման երկու տարիների ընթացքում ունեցել են մոտ 300 ուսանող, որոնցից 150-ն արդեն աշխատում են:

«Պատերազմի ժամանակ ընկերներիս հետ զբաղվում էի փախստականներին օգնելու հարցերով` հավաքում էինք հագուստ, սնունդ, փորձում նրանց ապահովել բնակարաններով, բայց պատերազմից հետո հասկացանք, որ միայն սոցիալական հարցերը լուծելով չենք կարող հոգալ նրանց բոլոր կարիքները, ու ցանկացանք մարդկանց հնարավորություն տալ, որ իրենք գումար աշխատեն: Որոշեցինք անվճար դասընթացներ կազմակերպել. սկսեցինք գրաֆիկ դիզայնից, կար ու ձեւից, այնուհետեւ` ծրագրավորում, անգլերենի, վարսահարդարման դասընթացներ, իսկ այս պահին նաեւ` մատնահարդարման:

Բոլոր դասընթացների համար անհրաժեշտ պարագաները ձեռք ենք բերել մեր ընկերների աջակցությամբ, իսկ մատնահարդարման պարագաները` Դրեզդեն քաղաքի հայկական համայնքի օգնությամբ»,-պատմում է նա:

Դասընթացներն անցկացնում են հիմնականում կամավորները, որոնք տեղեկանալով «Ձեռք մեկնիր» կազմակերպության գործունեության ու նպատակների մասին` ցանկություն են հայտնել միանալու այս բարեգործական նախաձեռնությանը: Նրանց թվում է Հադրութից Երեւան տեղափոխված Տատյանա Սարգսյանը: Տատյանան մատնահարդար է, Հադրութում ունեցել է իր սրահը: Ասում է` երբ պատերազմի հետեւանքով ստիպված է եղել լքել իր տունն ու աշխատանքը, իրեն այստեղ ձեռք է մեկնել ընկերներից մեկը` Արմինեն, որի շնորհիվ այսօր նա ունի աշխատանք: Ռուսաստանում որակավորում ստացած հադրութցի մատնահարդարը որոշել է ինքն էլ իր կարողություններով օգտակար լինել կարիքի մեջ գնտվող հայրենակիցներին եւ նրանց հետ կիսվել մատնահարդարման իր գիտելիքներով.

«Կուրսը հավաքվել է էջում տեղադրված հայտարարության միջոցով, բավական մեծ արձագանք ունեցանք, այդպիսով ընտրեցինք առաջին խումբը, որը բաղկացած էր 6 հոգուց: Խմբի լավ արդյունքից ոգեշնչված` որոշեցինք հավաքել նաեւ երկրորդը: Թե առաջին, թե երկրորդ խմբերում հիմնականում սկսնակներ էին, որոնք զրոյից են սկսել դասընթացը: Այստեղ ստացել են հիմնական գիտելիքներ: Ամեն բան թեորիապես ուսուցանելուց հետո նոր անցել ենք պրակտիկ աշխատանքին»,-ասում է Տատյանան` հավելելով, որ միմյանց օգնելով արցախցի կանայք կարողանում են թեթեւացնել նաեւ հոգեբանական ապրումները.

«Ինձ եւս օգնել են աշխատանքի տեղավորվել այստեղ, եւ ես, նույնպես, ուզում եմ օգտակար լինել մյուսներին: Առանց աջակցության հնարավոր չէ: Սա մեծ օգնություն է այս աղջիկների համար, եւ սա իրենց առաջին քայլն է դեռ, որին, վստահ եմ, կհաջորդի երկրորդը...

Այս դասընթացները նաեւ օգնում են հաղթահարել հոգեբանական դժվարությունները, մոտիվացնում են, որ երբեք չկոտրվենք»:

Նաիրա Ասլանյանը, որն անցկացնում է վարսահարդարման դասընթացները,  «Ձեռք մեկնիր» կազմակերպության համահիմնադիրներից է: Հիշում է, թե ինչպես մի օր օգնություն տանելու ճանապարհին միտք առաջացավ հիմնելու մի կառույց, որը կօգնի փախստականներին ոչ թե ժամանակավորապես հոգալու կարիքները, այլ մշտապես.

«Կազմակերպության կարեւորագույն նպատակը մարդկանց աշխատանքով ապահովելն է, դրա համար էլ դասավանդելու համար ընտրել ենք հենց այն մասնագիտությունները, որոնք ունեն պահանջարկ: Հիմնադրումից ի վեր ունեցել ենք վարսահարդարման 4 կուրս, արդեն աշխատում ենք 5-րդ խմբի հետ: Կարծում եմ` յուրաքանչյուր խումբ գնալով էլ ավելի է կատարելագործվում, քանի որ մենք ինքներս էլ ժամանակի ընթացքում աշխատում ենք բոլոր թերի կողմերի վրա: Տարածքի փոքր լինելով պայմանավորված` շատ մեծ խմբեր չենք կարող ձեւավորել, ու մեր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով դասավանդման համար ընտրում ենք այն մարդկանց, որոնք, իսկապես, ցանկություն ունեն աշխատելու, և նրանց համար սա, պարզապես, ժամանց չէ»,-նշում է Նաիրան:

Այս հասցեում դասընթացներից բացի շարունակում են հավաքել անհրաժեշտ պարագաներ կարիքավոր ընտանիքների եւ սահմանամերձ շրջանների բնակիչների համար: Կազմակերպության դասընթացներին տեղեկանալու եւ դրանց գրանցվելու նպատակով անհրաժեշտ է հետեւել «Ձեռք մեկնիր»-ի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերին, որոնց միջոցով էլ հայտարարվում են նոր խմբերի եւ գործունեության մյուս մանրամասների մասին: