Արտակարգ իրավիճակների նախարարությանը 6 ծրագրերի եւ 14 միջոցառումների իրականացման համար նախատեսվում է հատկացնել շուրջ 16 մլրդ 451 մլն դրամ։ Այս մասին հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում 2023 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։

Փոխնախարարի խոսքով՝ 14,5 մլրդ դրամը կամ 87,9 տոկոսը, ըստ էության, համակարգի աշխատողների աշխատավարձային ֆոնդն է։ «Մնացած 2 մլրդ դրամը կամ 12,1 տոկոսը շահագործման ծախսեր են»,- նշեց Գրիգորյանը։

Նա ասաց նաեւ, որ ԱԻՆ բյուջեն 2022 թվականի համեմատ փաստացի կավելանա 2 մլրդ 245 մլն դրամով։