3D-գրաֆիկայի փորձագետ Սիսերո Մորաեսը հնագետներին օգնել է վերականգնել միջնադարյան շվեդի դեմքը, որը մահացել է 660 տարի առաջ։ Ենթադրաբար, շվեդը զոհվել է դեմքին ստացած կացնի հարվածից։ Գիտնականն իր աշխատանքը հրապարակել է բրազիլական OrtogOnLineMag պորտալում, որը հասանելի է բոլորին։
Ստոկհոլմի պատմական թանգարանի գիտնականները գտել են զոհված շվեդի ոսկորները Գոտլանդի ճակատամարտի տեղանքում, որը տեղի է ունեցել 1361թ. շվեդ ֆերմերների եւ դանիական բանակի միջեւ։ Հնագետները կիրառել են ֆոտոգրամմետրիայի մեթոդը եւ սքանավորել գտածոները։ Դրանից հետո ստացված տվյալներով Մորաեսը ստեղծել է դեմքի երկու թվային 3D մոդելներ։
Գիտնականներին հետաքրքրում էր տղամարդու գանգի դիմային հատվածում առկա խոր ճեղքը, որը տրամագծով ստորին ծնոտի ձախ ներքին հատվածից ձգվում էր մինչեւ քիթը։ Հնագետները ենթադրել են, որ նման վերք կարող էր առաջանալ դեմքին ստացած կացնի հարվածից։ Ստուգելու համար Մորաեսը մոդելավորել է նաեւ կացինն ու այն «կցել» ոսկրին։ Ինչպես սպասվում էր, զենքը հիանալի «հարմարվում» էր ճեղքին։
Բայց գիտնականներն առայժմ չեն կարող ստույգ ասել, թե արդյոք այս վերքն է դարձել տղամարդու մահվան պատճառ։




























