Ավստրալիայի Գիտական եւ կիրառական հետազոտությունների պետական միության (CSIRO)  գիտնականներն առաջին անգամ քարտեզի վրա մանրամասն նշել են Հնդկական օվկիանոսում՝ Կոկոսյան կղզիների շրջանում գտնվող ծովի հատակը՝ հայտնաբերելով հրաբխային կոներով, լեռնաշղթաներով եւ ձորերով շրջապատված հսկայական լեռ:

Investigator գիտահետազոտական նավից իրականացված ստորջրյա նկարահանումը ցույց է տվել, որ լեռան լանջերին գտնվում են հարուստ կենսաբազմազանությամբ ծովային էկոհամակարգեր, որտեղ բնակվում են ձկների եւ այլ օրգանիզմների անհայտ տեսակներ։ Այս մասին նշվում է Phys.org-ի մամուլի հաղորդագրությունում։

Թիմը ստեղծել է արշիպելագի տակ գտնվող հատակի մանրամասն եռաչափ պատկերներ։ Քարտեզներն ընդգրկում են ափամերձ տարածքները՝ օվկիանոսի մակերեւույթից 100 մետր ներքեւ եւ խորքային գոտին, որտեղ խորությունը հասնում է գրեթե հինգ կիլոմետրի։ Պարզվել է, որ կղզիները գտնվում են հսկայական ստորջրյա լեռան երկու գագաթների վրա։

Այս տարածքում հայտնաբերվել են ձկների տարբեր տեսակներ, որոնց գիտնականները նախկինում չեն հանդիպել։ Գրեթե առավելագույն խորության վրա բռնվել է կույր օձաձկան անհայտ տեսակ՝ պատված թափանցիկ դոնդողանման մաշկով, որի էգերը կենդանի մանրաձկնիկներ են ծնում, ինչը անսովոր է կենդանիների այս խմբի համար։

Բացի այդ գիտնականները հետեւել են  խոր ջրերում ապրող չղջիկ ձկների՝ տեսակ, որը դասվում է մեծաչղջիկների ընտանիքին (Ogcocephalidae), արտաքնապես նման է կատվաձկներին եւ նախընտրում է ապրել ծովի հատակին։