Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Կառավարական առանձնատան մոտ, նոյեմբերի 6-ի երեկոյան ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
«Քաղաքացու մոտ այրվածքային շոկ է վնասվածքների ծավալով պայմանավորված»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ժամը 21։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված քաղաքացին հրկիզել է իրեն, այրումը մարվել է ոստիկանների կողմից, իսկ քաղաքացին անգիտակից վիճակում հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Քաղաքացու եղբայրը դեպքի օրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ եղբայրը՝ Ազիզ Ուսոյանը մեքենա ուներ, որով հավաքում եւ հանձնում էր երկաթյա եւ պլաստմասսե իրեր, սակայն 10 հազար դրամի տուգանքի պատճառով հարկադիրը այսօր մեքենան խլել է տղամարդուց, այն սկզբում տեղափոխել են տուգանային հրապարակ, այնուհետեւ հարկադիր ծառայությանը պատկանող տարածք:
Եղբոր խոսքով` Ազիզը հուսահատված ստեղծված իրավիճակից, դիմել է այս քայլին:




























