Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու մոտ բժիշկները ենթադրաբար տուբերկուլոզ եւ դեմենցիա են ախտորոշել։ Երեքշաբթի վրացական «Ինտերպրեսնյուզ» գործակալությանն այս մասին ասել է փաստաբան Շալվա Խաչապուրիդզեն։

«Խոսքը բժիշկների ենթադրական ախտորոշումների մասին է եւ դրանք դեռ վերջնական չեն, դա միայն ենթադրություն է, ինչպես նաեւ Միխեիլ Սաակաշվիլու 34 հնարավոր հիվանդությունները»- ասել է փաստաբանը։

Սաակաշվիլին գաղտնի Վրաստան է ժամանել անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին։ Նույն թվականի հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել է Թբիլիսիում, որից հետո տեղափոխել է Ռուսթավի քաղաքի բանտ, որտեղ հացադուլ է հայտարարել։

Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում։ Ձերբակալությունը նա համարում է անօրինական, իսկ իրեն առաջադրված մեղադրանքը՝ կեղծ։