Փարիզում եւ Լոնդոնում hանրային տրանսպորտի աշխատակիցները գործադուլ են անում՝ ի նշան կյանքի թանկացման դեմ բողոքի, հայտնում է Bloomberg-ը։

Փարիզում երթեւեկությունն ամբողջությամբ դադարեցվել է մետրոյի 16 գծերից հինգում, ասվում է տրանսպորտային RATP օպերատորի կայքում, որը քաղաքացիներին խորհուրդ է տվել հնարավորինս տնից աշխատել։ Շատ այլ գծերում, մերձքաղաքային RER գնացքները եւ ավտոբուսները զգալի խափանումներով են աշխատում:

Լոնդոնի մետրոյի աշխատակիցները նույնպես գործադուլ են անում այն բանից հետո, երբ բանակցությունները քաղաքի տրանսպորտի վարչության հետ ձախողվել են:

Գործադուլը վերջինն է աշխատավարձի բարձրացման համար ցույցերի շարքից: Ֆրանսիայում անցյալ ամիս նավթավերամշակման գործարանների աշխատակիցների գործադուլները խափանել են վառելիքի բաշխումը, ինչը հանգեցրել է վառելիքի պակասի ամբողջ երկրի բենզալցակայաններում:

Միեւնույն ժամանակ, լոնդոնցիները մի քանի գործադուլներ են տարել, քանի որ աշխատողները պայքարում են աշխատավարձերի բարձրացման համար՝ գնաճին համապատասխան:

Ֆրանսիական RATP-ն նաեւ քննադատության է ենթարկվել ավտոբուսներում եւ մետրոյի որոշ գծերում աշխատողների անբավարարության պատճառով սպասարկման մակարդակի նվազման համար:

Նախկին վարչապետ Ժան Կաստեքսը, ում RATP-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելը չորեքշաբթի օրը հաստատել են ֆրանսիացի օրենսդիրները, ասում է, որ մարդկային ռեսուրսները գլխավոր առաջնահերթություն կլինեն, երբ ինքը ստանձնի պաշտոնը:

Մեծ Բրիտանիայում Transport for London-ը ստիպված է կրճատել ծախսերը ազգային կառավարության հետ ֆինանսավորման գործարքից հետո, որը նրան բյուջեի դեֆիցիտով է թողել: