Կապիկի աղիքների միկրոբիոմի առողջությունն ուղղակիորեն կապված է նրանց մարդամոտության եւ ընկերների քանակի հետ: Որքան սոցիալապես ակտիվ է պրիմատը, այնքան նրա օրգանիզմում ավելի օգտակար եւ քիչ վնասակար բակտերիաներ կան։

Նման եզրակացության են եկել Օքսֆորդի համալսարանի գիտնականները՝ Կարիբյան «Կապիկների կղզում» (Կայո Սանտյագո) գրեթե 40 կապիկների պոպուլյացիայի դիտարկման ժամանակ, գրում է ScienceMag-ը։

Գիտնականները հավաքել են պրիմատների կղանքի նմուշները, ուսումնասիրել դրանում առկա ԴՆԹ-ն՝ աղիքներում ապրող բակտերիաները հայտնաբերելու համար, այնուհետեւ վերլուծել են կենդանիների սոցիալական կյանքը:

Պարզվել է, որ շփվող կապիկներն իրենց աղիներում ավելի շատ Faecalibacterium եւ Prevotella բակտերիաներ են ունեցել։ Առաջինը հայտնի է իր հակաբորբոքային հատկություններով, իսկ երկրորդը՝ գլյուկոզայի նյութափոխանակության նորմալացման հետ։

Մյուս կապիկների աղիներում ավելի շատ են եղել Streptococcus բակտերիաները, որոնք մարդկանց մոտ կարող են կոկորդի եւ թոքերի բորբոքում առաջացնել:

Առայժմ գիտնականները հստակ չեն կարող ասել՝ աղիներում առկա օգտակար բակտերիաները մարդամոտության հետեւանք են թե պատճառ։ Ամենայն հավանականությամբ խոսքը հավասարակշռության մասին է:

«Սոցիալական վարքագծի եւ մանրէների առատության միջեւ փոխհարաբերությունները կարող են լինել դրանց սոցիալական փոխանցման ուղղակի արդյունք, օրինակ՝ հարդարման միջոցով: Բայց միգուցե այս հարաբերությունն ուղղակի ազդեցություն չէ։ Փաստն այն է, որ ավելի քիչ ընկերներ ունեցող կապիկները կարող են ավելի շատ սթրես ապրել, եւ դա ազդում է օգտակար մանրէների առկայության վրա: Մենք գիտենք, որ վարքագիծը ազդում է միկրոբիոմի վրա, սակայն միկրոբիոմն իր հերթին կարող է ազդել ուղեղի եւ վարքի վրա», - ասում է հետազոտության համահեղինակ Քեթրին Ջոնսոնը:

Նա եւ իր գործընկերները կարծում են, որ գտել են աղիք-ուղեղային առանցքի գոյության լրացուցիչ ապացույցներ, որոնք շարունակական երկկողմանի կապը ստամոքս-աղիքային տրակտի եւ ուղեղի միջեւ: