Մատանին, որը պահարանում է եղել մոտ 30 տարի, ճանաչվել է որպես 2000 տարվա հնությամբ եւ 30 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ նմուշ: Չափազանց հազվագյուտ արտեֆակտը, որն այժմ աճուրդի է հանվել, հայտնաբերվել է 1994 թվականին Յորքշիրում (Մեծ Բրիտանիա) եւ վաճառվել ներկայիս տիրոջը մի քանի հարյուր ֆունտով: Սակայն դրա իրական ծագումը, ըստ klady.info պորտալի, հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ ներկայիս սեփականատերը (ով ցանկացել է անհայտ մնալ) այն աճուրդի է հանել։
Նա ասել է, որ երբ ձեռք է բերել մատանին, չի պատկերացրել, որ դա այդքան հազվագյուտ իր է, եւ կատարվածն անվանել է զարմանալի ու առեղծվածային պատմություն։ Հիմա, երբ նա գնահատել է այն, պարզվում է, որ մատանին առնվազն 2000 տարեկան է։ Մատանին ուսումնասիրելու համար հրավիրված մասնագետները պարզել են, որ այն, ամենայն հավանականությամբ, կրել է Միդլենդսում եւ Յորքշիրում գտնվող Կորիելտաուի ցեղի ղեկավարը:
Միեւնույն ժամանակ, ինչպես պարզաբանել են փորձագետները, մատանու հետ կապված իրավիճակը բավականին հազվադեպ է, եւ կոլեկցիոներները հազվադեպ են նման բան գնելու հնարավորություն ունենում: Դա պայմանավորված է ներկայումս Մեծ Բրիտանիայում գործող օրենքով, ըստ որի, երբ հայտնաբերվում են նման արտեֆակտներ, դրանք անմիջապես անցնում են Բրիտանական թանգարանին:
Տվյալ դեպքում մատանին գտնվելիս գանձերի շարքում չի դասակարգվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այն հայտնաբերվել է վաղուց՝ դեռեւս արտեֆակտների մասին օրենքի ընդունումից առաջ։ Նոր օրենքը սկսել է գործել միայն 1996 թվականին:
Ենթադրվում է, որ այն պատրաստվել է Նորֆոլկի Սնետտիշեմի ոսկու արհեստանոցում, որտեղ 1948 թվականին հայտնաբերվել է նմանատիպ պահեստ: Նշվում է, որ մատանին ունի աշխատանքի շատ բարձր որակ, նման մակարդակի արտադրանքը սկսեց զանգվածային կերպով արտադրվել միայն հազար տարի անց։
Արտեֆակտը ներկայումս դրված է աճուրդի, որը կկայանա ամսվա կեսերին։ Միայն դրանից հետո հայտնի կդառնա դրա ավելի իրական գինը։




























